01/12/2017 18:47
Դատախազների կողմից քննիչին ծեծելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել
Նոյեմբերի 20-ին երկու դատախազներ Նարեկ և Հայկ Խաչատրյանների կողմից քննիչ Սուրեն Նազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նոյեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ «ծեծը», փոխանցում են Aysor.am-ի աղբյուրները:
ՀՔԾ լրատվական ծառայությունից առայժմ այս մասին տեղեկություն չեն փոխանցում:
Նշենք, որ ծեծը տեղի էր ունեցել քննիչի աշխատասենյակում: Քննիչ Սուրեն Նազարյանը վնասվածքներ էր ստացել, և նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը անդրադարձել էր կատարվածին և որպես ծեծի նախնական պատճառ նշել էր, թե դատախազները քննիչին ոչ թե գրավոր, այլ բանավոր ցուցում են տվել, ինչը քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտում է: