08/12/2017 14:19
Չենք կիսում այդպիսի մոտեցումներ` տարբերակել աղքատներին հարուստներից. Ռուստամյան
ՀՅԴ-ն չի կիսում աղքատներին հարուստներից տարբերակելու մոտեցումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով այս մասով ՀՀԿ-ական պատգամավորների հայտարարություններին:
«Մեր տեսակետները հստակ են: Մենք, բնականաբար, չենք կիսում այդպիսի մոտեցումներ` տարբերակել աղքատներին հարուստներից: Մարդը մարդ է և պետք է ունենա լիարժեք իր ապրելու, սնվելու, գոյատևելու պայմանները: Սա միանշանակ է և երկու կարծիք լինել չի կարող», - նկատեց նա:
Արմեն Ռուստամյանը նաև չհամաձայնեց այն պնդման հետ, որ մեզանում սոցիալական բևեռացվածությունը օրեցօր ավելանում է:
«Երկու, երեք տարի առաջ ավելի վատ էր, քան՝ հիմա: ԵԱՏՄ երկրների կազմում Հայաստանն այսօր ավելի լավ ցուցանիշ ունի, քան ԵԱՏՄ միջինն է, իսկ նոր համապարփակ համաձայնագրով, որը վերջերս ստորագրել ենք, կմոտենանք նաև եվրոպական միջինին: Ես կարծում եմ` ուղղությունը ճիշտ է ընտրված, և ժամանակի ընթացքում ամեն բան կկարգավորվի», - նշեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը, խոսելով թանկացումների մասին, նշել էր, որ եթե մարդ օգտագործում է միայն կարտոֆիլ, ուրեմն մսի թանկացման դեպքում միևնունն է մարդը գումար չունի միս գնելու ու շարունակելու է կարտոֆիլ օգտագործել, իսկ Հակոբ Հակոբյանը նշել էր, որ թանկացումը աղքատների վրա ազդեցություն չի կարող ունենալ, քանի որ աղքատները խուսափելու են թանկացած ապրանք գնելուց: