12/12/2017 15:37
Ռուսաստանում ձերբակալել են բանկեր սնանկացնող խմբավորման
Ռուսաստանի քննչական կոմիտեն ձերբակալել է թոփ մենեջերների խումբ, որը սնանկացրել է այն բանկերը, որոնցում աշխատել է: Մեկուսարանում հայտնվել է «Динамичные системы» սնանկացած բանկի նախկին նախագահ Ֆյոդոր Ցիրգուլնիկը, որը ստիպված էր Ռուսաստան վերադառնալ Մավրիկիոսի Հանրապետությունից, որտեղ նրա հետ կապված քրեական խնդիրներ են առաջացել: Ձերբակալվել է նաև նախկին ոստիկան Վիկտոր Ավերինը, որն աշխատել է հինգ սնանկացած բանկում. նրան բռնել են առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու ժամանակ: Դրանից բացի, ձերբակալվել են գործում ներգրավված այլ անձինք, որոնցից մեկը նախկինում հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում՝ խանութից պահատուփ գողանալու համար, փոխանցում է Kommersant-ը:
Զանգվածային հետաքննությունը սկսվել է, երբ ՌԴ Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան դիմել է Ռուսաստանի Քննչական կոմիտե: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Динамичные системы» բանկից 2016 թվականի ապրիլին՝ լիցենզիայի ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ, վարկերի տեսքով հանել են հաճախորդների գրեթե բոլոր միջոցները: Մոտ 585 միլիոն ռուբլի փոխանցվել է «մեկօրյա ընկերությունների» հաշվեհամարներին, որոնցից և կանխիկացվել ու գողացվել են:
«Динамичные системы» բանկի սնանկացումից հետո շատ մենեջերներ աշխատանքի են անցել «Европейский стандарт» բանկում: Դեկտեմբերի չորսին Կենտրոնական բանկը հետ է կանչել վարկային կազմակերպության լիցենզիան: Դրանից մեկ ամիս առաջ անհայտ անձինք 5 միլիոն դոլար են վերցրել հաստատության պահուստից: