16/12/2017 11:22
Հայաստանը պատրաստ է աջակցելու ձեզ բոլոր ուղղություններով. Լևոն Ալթունյանն Արցախում այցելել է դիրքապահ զորամաս
Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Արցախի նախարար Կարինե Աթայանի և պատվիրակության անդամների հետ երեկ այցելել է դիրքապահ զորամաս:
Հրամանատարն առողաջպահության նախարարներին տեղեկացրել է, որ վերջին շրջանում ավելի է բարձրացել պաշտպանության բանակի տեխնիկական հագեցվածությունն ու մարտունակությունը` զինվորներին բնութագրելով որպես քաջ տղաներ ու զինվորական գործի գիտակներ:
Լևոն Ալթունյանը շրջել է զորանոցներում, ծանոթացել Արցախի սահմանն անառիկ պահող զինվորների կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետ: Բուժկետում նախարարը մասնագետների հետ քննարկել է բուժական, ինչպես նաև զինվորների շրջանում իրականացվող պատվաստումերի կազմակերպական հարցեր: Մասնագետները ներկայացրել են, որ գրիպի և այլ հիվանդությունների դեմ պատվաստումների շնորհիվ զորամասում հիվանդացությունը կտրուկ նվազել է:
Այնուհետև դիմելով զորամասի շարասյանը` Լևոն Ալթունյանն ասել է. «Մենք հպարտանում ենք ձեր հայրենանվեր ծառայությունով և ձեր քաջությամբ: Հայաստանը մշտապես ձեր կողքին է և պատրաստ աջակցելու բոլոր ուղղություններով»:
Նախարարը նշել է, որ իր ղեկավարած պատվիրակությունն Արցախում է գտնվում Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներն Արցախում տեղայնացնելու և ներդնելու նպատակով:
«Լինելով Արցախում, չէի կարող չայցելել ձեզ: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և ձեր ընտանիքներին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն և խաղաղ ծառայություն հայրենիքին», - ասել է նախարարը:
Լևոն Ալթունյանի ղեկավարած պատվիրակությունը զինվորներին ամանորյա նվերներ է հանձնել: