18/12/2017 18:05
Գառնիի նախկին գյուղապետը կանգնել է դատարանի առաջ
Կոտայքի մարզի Գառնի գյուղի նախկին գյուղապետ Աշոտ Վարդանյանը, որը մամուլում հայտնի է իր արտառոց վարքագծով, այժմ կանգնել է դատարանի առաջ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանին է օրերս մակագրվել նախկին գյուղապետի վերաբերյալ քրեական գործ, որով նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:
Այսպես, Դատական տեղեկատվական համակարգից Aysor.am-ը տեղեկանում է, որ Աշոտ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով Գառնիի գյուղապետ, «դիտավորությամբ անձնական շահագրգռվածությունից ելնելով իր ծառայողական պարտականությունները չի կատարել»:
Ըստ աղբյուրի՝ Վարդանյանը չի կատարել, մասնավորապես, կառավարության որոշումները, որի համաձայն՝ գյուղացի Ռ. Բաբայանին նվիրաբերելու փոխարեն, նվիրատվության պայմանագրով Գառնի համայնքի Բանավան թաղամասի 5-րդ շենքի 4-րդ բնակարանը վաճառել է Արման Հովհաննիսյանին:
Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Վարդանյանի այդ գործողությունները առաջացրել են ծանր հետևանքներ՝ Ռ. Բաբայանին զրկելով առանձնապես խոշոր չափի՝ 3.795.000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով որպես սեփականատեր իր գույքը տնօրինելու իրավունքներից:
Այդպիսով, Աշոտ Վարդանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:
Այս հոդվածով նրա կատարած հանցանքը, պարզվում է, միակը չէ. 2009-ին նույն Աշոտ Վարդանյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել դարձյալ նույն հանցագործության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ, նրա նկատմամբ կիրառվել էր համաներում և ազատվել էր պատիժը կրելուց:
Աշոտ Վարդանյանը, նկատենք, մամուլում հայտնի է նաև իր արտառոց վարքագծով. մասնավորապես նախորդ տարի ամռանը ծեծի էր ենթարկել Գառնիի ավագանու անդամներից մեկին:
Լուսանկարը՝ Hetq.am-ի