27/12/2017 12:00
Սամվել Բաբայանը չի ճանաչել «Իգլան» մատակարարողին և այդ գործով կարգավիճակ չի ունենա. Փաստաբան
Այսօր Հայաստանի Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը:
Հիշեցնենք՝ ռազմամթերքի ապօրինի շրջանառության («իգլա»-ի տեղափոխման) և փողերի լվացման մեղադրանքով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Հաստատվել էր, որ Ռոբերտ Աղվանյանը «Իգլա»-ն մատակարարել էր գործով մյուս ամբաստանյալ Հրաչյա Մայիլյանին, վերջինն էլ՝ Բաբայանին:
Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ Աղվանյանին Հայաստանին փոխանցելուց հետո կսկսվի նախաքննություն և եթե պարզվի, որ նրա արարքներում հանցակազմ կա, դրանից հետո այդ մասով գործը կմտնի դատարան:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այս գործով Սամվել Բաբայանը որևէ կարգավիճակ ունենա, օրինակ՝ լինի վկա, Քալաշյանը պատասխանեց.
«Իմ կարծիքով՝ Սամվել Բաբայանը այդ գործով կարգավիճակ չի ունենա, որովհետև նա բացարձակ առնչություն չի ունեցել Ռոբերտ Աղվանյանի հետ և ոչ էլ ճանաչել է նրան: Այդ գործով Բաբայանն ի՞նչ ասի, այն դեպքում, երբ ինքը արդեն ասել է, որ այդ ամենի հետ որևէ կապ չունի»: