10/01/2018 15:54
Հանրապետականի պատգամավորն առաջարկում է Էթիկայի հանձնաժողով կազմելու մասին նախագծի վերնագրից հանել Արտաշես Գեղամյանի անունը
ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ին կայանալիք նիստում քննարկվելու է ԱԺ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը:
Փաստաթղթի պաշտոնական անվանումն այսպիսին է՝ «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Նախագծի հիմնական զեկուցողն է լինելու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, իսկ հարակից զեկուցող Հանրապետական խմբակցության անդամ, հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը:
Վերջինը, սակայն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ փաստաթղթի վերնագրի վերաբերյալ որոշ վերապահումներ ունի:
«Ես ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում եմ մնալ իմ կարծիքին՝ դեմ չեմ հանձնաժողովի ստեղծմանը, բայց պետք է վերնագրում փոփոխություններ կատարվեն», - մեզ հետ զրույցում ասաց Մախմուդյանը:
Նրա խոսքով՝ նախագծի վերնագրից ընդհանրապես պետք է հանել պատգամավոր Արտաշես Գեղամյանի անունը և գրել «հոկտեմբերի 5-ին պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին»:
«Վերնագիրը իրավական ուղղվածություն չունի և այդպես չպետք է մնա: Պետք է ուղղակի նշել, որ Էթիկայի հանձնաժողովը ստեղծվում է այդ օրը պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար:
«Ելք»-ի մեր գործընկերների ներկայացրած նախագծի վերնագիրը արդեն իսկ կանխակալ է և ի սկզբանե մեղադրում է կողմին: Մինչդեռ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի ուսումնասիրություն իրականացնի ու պարզի կատարվածի հանգամանքները», -ներկայացրեց պատգամավորը:
Մախմուդյանը նաև տեղեկացրեց, որ «Ելք»-ի պատգամավորները նախագծում փոփոխություն են կատարել՝ համաձայնելով հանձնաժողովի կազմը դարձնել կենտ թիվ՝ 11:
Ըստ նախագծի՝ հանձնաժողովը կունենա 11 անդամ, որոնցից վեցին նշանակում է «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը, երեքին՝ «Ծառուկյան» խմբակցությունը և մեկական՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Ելք» խմբակցությունները: Առաջարկվում է հանձնաժողովի գործունեության ժամկետը սահմանել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը:
Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորները պահանջում են էթիկայի հանձնաժողով ստեղծել հոկտեմբերի 5-ին ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև ծագած միջադեպը քննելու համար։
Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ Գեղամյանը հարվածել է իրեն ԱԺ միջանցքում ծագած վեճի ժամանակ, մինչդեռ Արտաշես Գեղամյանը պնդում է, որ իր ու Փաշինյանի միջև քաշքշուկ չի եղել: