09/10/2017 11:48
«Ելքը» պահանջում է ստեղծել էթիկայի հանձնաժողով՝ Գեղամյան-Փաշինյան բախման մանրամասները պարզելու համար
«Ելք» խմբակցությունն այսօր պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը՝ նախորդ շաբաթ ԱԺ պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի մանրամասները քննելու համար։
«Դուք ինքներդ տեսել եք, որ ես հակված չէի տեղի ունեցածին քաղաքական հնչեղություն հաղորդել, բայց այդ միջադեպից հետո տեսանք, որ Հանրապետականը դրա շուրջ հանդուրժողական մթնոլորտ է փորձում ստեղծել և հստակ գնահատական չտալ տեղի ունեցածին։ Տեղի ունեցածի մեջ ավելի լուրջ պրոբլեմ կա՝ դա բանավեճի մեջ սիստեմատիկ պարտվողների բարդույթի արտահայտում է։ Հանրապետականը պարտվել է և շարունակելու է պարտվել բանավեճում։ Նրանց մտավախությունն այն է, որ ԱԺ-ում բանավեճի պարտությունը ներքաղաքական բանավեճում պարտություն կդառնա», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ։
Անդրադառնալով միջադեպի վերաբերյալ կոռեկտության կոչերին՝ Փաշինյանը նշեց. «Երբ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, էդ ժամանակ քաղաքական կոռեկտությունը մոդա՞ չէր»։
Փաշինյանն ընդգծեց, որ միջադեպի վերաբերյալ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմիններին դիմել, քանի որ միջադեպում իրեն տուժող չի համարում. «Սա հարձակվող և կարգի բերող հարաբերություն էր և կապված չէ քրեաիրավական հարաբերությունների հետ, այլ կապված է ԱԺ-ում քաղաքական հարաբերությունների հետ»։
Փաշինյանը նաև ընդգծեց, որ Գեղամյանն այս դեպքում օգտագործվել է. «Գեղամյանին, որպես անհեռանկար մարդու, կաթիլ կաթիլ կաթացնելով, բրդել են առաջ և ներքին պրովոկացիայի արդյունքում ստացել են միջադեպ, որի նպատակը այն է, որ մեր տոնյանությունը, մեր ասելիքն ու հարցերը որոշակիորեն փոխվեն», - ասաց Փաշինյանը։
Պատգամավորը նաև պատահական չհամարեց այն, որ իր ու Գեղամյանի միջև ԱԺ դահլիճում ծագած բանավեճը սկսվել էր ԵԱՏՄ անդամակցության հարցը դադարեցնելու մասին քննարկումների ժամանակ։
«ՌԴ-ում գուցե շատերը կարծում էին, որ Գեղամյանը ԵԱՏՄ ամենամեծ պաշտպանն է ՀՀ-ում, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ, ինչպես հայտնի ֆիլմից Խաչիկյանն է ասում, «Դուք և ձեր նմանները խայտառակում եք ԵԱՏՄ-ն, որն առանց այն էլ խայտառակությունների շատ առիթներ ունի», - հավելեց նա։
Նշենք, որ «Ելք» խմբակցության պատգամավորները պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով Գեղամյան-Փաշինյան բախման մանրամասները պարզելու համար ու չեն բացառում, որ անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը պետք է քննարկի անգամ Գեղամյանին մանդատից զրկելու հարցը։