10/01/2018 12:22
Իրանում կատարվածը նպատակ ուներ ապակայունացնել այդ երկիրը, սակայն չստացվեց. Իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, որը երեկ է վերադարձել Իրանի Իսլամական Հանրապետությունից, ուռճացված է համարում այդ երկրում հակակառավարական ցույցերի մասին համացանցում շրջանառվող տեղեկությունները:
«Իրանում իրավիճակը շատ հանգիստ է: Նույնիսկ ցույցերի օրերին իրավիճակը առանձնապես անհանգստության տեղիք չի տվել: Չնայած, դատելով Հայաստանում ստացված արձագանքներից, իրադարձությունները, կարծես թե, ներկայացվել են արևմտյան որոշ լրատվամիջոցների պրիզմայով և չեն համապատասխանել Իրանի ներսում տեղի ունեցած իրական դեպքերին»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց Վարդան Ոսկանյանը:
Իրականում, ըստ փորձագետի, սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված եղել է բողոքի ալիք, ինչին փորձ է արվել տալ քաղաքական ենթատեքստ: Իրանագետը պնդում է, որ այս գործընթացը ուղղորդվել է արևմտյան որոշ լրատվամիջոցների ու կազմակերպիչների կողմից և դրանք ակտիվորեն օգտագործել են սոցիալական ցանցերը, մասնավորապես` Telegram հավելվածը: Բողոքի ալիքն ուղղորդողները, Ոսկանյանի խոսքով, նպատակ են ունեցել դրդել երիտասարդությանը դիմել սադրիչ գործողությունների:
«Կազմակերպիչներին դա չի հաջողվել և իրականում Իրանի իշխանությունների արձագանքը այդ ամենին եղել է չափազանց բալանսավորված ու մեղմ: Կարծում եմ, որ այդ իրադարձությունները հրահրելու և ուռճացված ներկայացնելու հիմնական բաղադրիչներից մեկն էլ նպատակ է ունեցել դրդել Իրանի իշխանություններին, որ օգտագործվի կոշտ ուժ և հետո դրա գործադրման հետևանքները ևս ուռճացված ներկայացվեն: Սա որոշակի լծակներ կտար Իրանի վրա ազդելու: Դա, սակայն, նույնպես չի հաջողվել», -ներկայացրեց իրանագետը՝ ընդգծելով, որ Իրանը հին պետական կառավարման ավանդույթ ունեցող երկիր է և նման սադրանքներն այդ երկրում չէին կարող աշխատել:
Ընդհանուր առմամբ, Իրանում տեղի ունեցածը, ըստ իրանագետի, միտված էր այդ երկրի ապակայունացմանը, դրա հետևանքով այդ երկրի վրա լրացուցիչ լծակներ ձեռք բերելուն ու ճնշում գործադրելուն իրանական իշխանությունների վրա և դրա համար ջանքեր չեն խնայել ԱՄՆ-ն, Իսրայելը, Սաուդյան Արաբիան:
Հարցին, թե կայի՞ն հիմքեր այդ երկրում բողոքի ալիք բարձրացնելու համար, Ոսկանյանը պատասխանեց.
«Իրանի բնակչության սոցիալ-տնտեսական մակարդակը բարձր է բազմաթիվ երկրների սոցիալ-տնտեսական մակարդակից, այդ թվում՝ ԱՊՀ անդամ երկրների: Ակնհայտ է, որ այս երկրում բնակչությունը ունի զգալի հնարավորություններ: Պատկերավոր ասած, սոված մարդիկ Իրանում շատ քիչ են և այս համատեքստում բողոքի ալիքները, որպես կանոն, ձևավորվում են ոչ թե խիստ աղքատ հասարակություններում, այլ որոշակի սոցիալական ապահովվածություն ունեցող հասարակություններում: Իրանը զարգացած տնտեսություն ունեցող պետություն է, ունի սոցիալական ապահովության բավական կայացած համակարգ ու տնտեսական լրջագույն հնարավորություններ: Բայց, իհարկե, կան խնդիրներ, որոնք այն աստիճանի չեն, որ հանգեցնեն հեղափոխությունների»:
Դիտարկմանը, թե լրատվամիջոցներով հաղորդվում էր, որ «հեղափոխականների» շարքում ակտրիվ է հատկապես երիտասարդությունը, Վարդան Ոսկանյանն արձագանքեց, որ իրականում Իրանում հեղափոխականներ չկան և ավելացրեց:
«Կա երիտասարդության որոշակի շերտ, որը չափազանց ակտիվ է ու ավելի խոցելի արտաքին ազդեցության համատեքստում: Բնական է, ցանկացած նմանատիպ սցենարներ իրագործելու տեխնոլոգիական հնարքի առումով հիմնական շեշտադրումը կատարվում է հենց այդ խավի վրա: Փորձ է կատարվել փոքր քաղաքաներում իրականացնել «ապստամբություն» բարձրացնելու մեխանիզմը և հետո դա ողջ Իրանի տարածքով մեկ՝ ընդհուպ մինչև մայրաքաղաք հասցնել: Բայց Իրանում այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է»: