15/01/2018 11:19
«Դարձել եք կառավարության կցրոդը». «Ծառուկյան» խմբակցության անդամները Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ավելի ակտիվ են քննադատում կառավարությանը
Այսօր 6-րդ գումարման Ազգային ժողովի ձմեռային նստաշրջանը մեկնարկեց երկրում գնաճի վերաբերյալ իշխանություններին ուղղված ընդդիմադիր գործիչների քննադատություններով։ Հատկապես բուռն էին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատությունները։
Հիշեցնենք՝ օրերս նույն խմբակցության պատգամավորները հյուրընկալվել էին նախագահ Սարգսյանի մոտ՝ մասնակցելու քննարկմանը։
Միքայել Մելքումյանի ու Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամները, մեկը մյուսին հերթ չտալով, քննադատեցին խորհրդարանական մեծամասնությանը։
«Ես խորհուրդ եմ տալիս խորհրդանական մեծամասնությանը չդառնալ կառավարության կցորդ, անհարմար է։ Մեծ-մեծ խոսում եք խորհրդարանական կառավարմամբ պետության անցման մասին, բայց կառավարությունը ոնց մատով ճտացնում է, բոլորդ նստած հլու-հնաանդ ենթարկվում եք», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով խորհրդանական մեծամասնությանը։
Մինչև նախագծի քվեարկությունը, իշխանություններին իր քննադատության թիրախը դարձրեց նաև ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը. «Չեք կարողանում արմատական փոփոխություններ անել»։
Նույն խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանն էլ հիշեց, որ ընդհանրապես, իրենց խմբակցության հեղինակած օրենքների նկատմամբ անտարբեր վերաբերմունք կա, և այդպիսի ճակատագրի է արժանացել «Աշխատանքային օրենսգրքում» իրենց առաջարկությունները։
«Զոհված ազատամարտիկների ու ընդհանրապես ազատամարտիկների ընտանիքի անդամների վերաբերյալ ներկայացրել ենք առաջարկություններ, մերժել են, ասում են՝ սպասեք, մինչև Աշխատանքային նոր օրենսգիրքը ընդունվի։ Սա ոչ ազգ-բանակ հայեցակարգից է բխում, ոչ սոցիալական պետության գաղափարից», - հայտարարեց Պետրոսյանը։
Նկատենք, որ նախագծով, որը խորհրդարանը հավանության չտվեց, «Ծառուկյան» խմբակցությունը առաջարկում է գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով 40 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար գյուղացուն ազատել հողի հարկից: