15/01/2018 14:22
Վիգեն Սարգսյանի առաջարկն առնվազն պատեհ չէ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարարի առաջարկը առնվազն պատեհ չէ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Վիգեն Սարգսյանի՝ զինվորին արտերկրում բուժում ստանալու համար դրամահավաք կազմակերպելու կոչին:
Փաշինյանն ընդգծեց, որ կառավարությունն ունի բոլոր լծակները դա անելու համար։
«Կառավարությունը բոլոր լծակներն ունի, որպեսզի այդ գումարը հավաքի։ Էլ չեմ ասում, որ իրավիճակից ելնելով՝ ես ինքս «1000 դրամների» օրենքին կողմ եմ քվեարկել՝ նաև նմանատիպ իրավիճակները հաշվի առնելով։ Թեև դեպքը մինչև օրենքի մեջ մտնելն է տեղի ունեցել, բայց կառավարությունը պահուստային ֆոնդ ու միջոցներ ունի», - նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ ինքը կհասկանար, եթե նման առաջարկությամբ հանդես գային ՀԿ-ները կամ էլ ակտիվիստները, սակայն պաշտպանության նախարարի կողմից նման պահանջը պատգամավորը տարօրինակ է համարում։
«Կարծում եմ, որ դա անընդունելի է։ Վերջին մեկ տարվա ընթացում Վիգեն Սարգսյանը Բաղրամյան 26-ում, լուռ կարգավիճակում աշխատելով, զսպված, հավասարակշռված, խելամիտ մարդու իմիջ էր ստեղծել, բայց այս վերջին մեկ տարվա ընթացքում տեսանք, որ դա այնդպես չէ և դա մտահոգիչ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ պաշտպանության նախարարի հետ գործ ունենք», - հավելեց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վիրավոր զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար դրամահավաքին էր միացել՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը»։