30/01/2018 11:44
Պետական վերահսկողական ծառայություն. ճնշման նոր գործիք՝ նոր վարչապետի ձեռքին
Պետական վերահսկողական ծառայությունը, որին վերաբերող օրինագիծը դրվել է հանրային քննարկման, իր նոր գործառույթներով միանգամայն նոր կառույց է լինելու և գործելու է ոչ թե նախագահի ձեռքի տակ, ինչպես այժմ է, այլ վարչապետի։ Այս նախաձեռնությունը ևս բխում է Հայաստանի՝ կառավարման նոր համակարգի անցմամբ։
Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները լայն են լինելու. այս մարմինը ուսումնասիրություններ է անցկացնելու պետական կառավարման համակարգի մարմիններում և հիմնարկներում, հետևելու է կառավարության, վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացին, ինչպես նաև վերահսկողություն է ունենալու hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ։
Պետական վերահսկողական ծառայությանը լիազորվելու է նաև ուսումնասիրել՝ ճի՞շտ են կառավարվում պետական միջոցները, բացի այդ, ՀՀ-ից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ՝ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։
Այս մարմինը նաև կարող է հարուցել կարգապահական վարույթներ։ Ուսումնասիրությունները Ծառայության ղեկավարն իրականացնում է վարչապետի հետ համաձայնեցնելով։ Ուսումնասիրություններ կարող են կատարվել և տեղում՝ տվյալ մարմին այցելելով, և համապատասխան փաստաթղթեր պահանջելու միջոցով։
Ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են վարչապետին և կարող են հիմք հանդիսանալ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու և պատասխանատվության միջոցներ կիրառելու համար։
Հատկանշական է, որ օրենքի նախագծով Վերահսկողական ծառայության ղեկավարին տրվում են լայն լիազորություններ ուսումնասիրվող կառույց մուտք գործելու, ուսումնասիրություններ կատարելու համար։
Այսպես, ըստ նախագծի, նա վարչապետի կողմից սահմանված կարգով ստանում է անհատույց և ազատ հասանելիություն վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և Ծառայության լիազորություններին առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին, ինչպես նաև ունի մուտքի հնարավորություն վերահսկվող օբյեկտի տարածքներ՝ այդ թվում հատուկ հսկողության տակ գտնվող տարածքներ։ Բացի այդ, կատարում է տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, առարկաների, փաստաթղթերի, սարքավորումների (նաև՝ էլեկտրոնային) հետազոտում, տեղատեսություն, որի ընթացքում կարող է իրականացվել լուսանկարում, տեսագրում, փաստաթղթերի պատճենահանում։
Նոր վարչապետի ձեռքին տրվող այս նոր գործիքը ունենալու է ղեկավար, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը: Ղեկավարն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին: Ղեկավարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը` ղեկավարի առաջարկությամբ։
Օրենքի նախագիծը, որը հանրությանը ներկայացվել է միայն երեկ, փետրվարի 15-ից հետո կներկայացվի կառավարություն՝ հաստատման, այնուհետև՝ խորհրդարան՝ ընդունման։ Ըստ նույն նախագծի եզրափակիչ դրույթների՝ այս օրենքն ուժի մեջ է մտնելու Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: