02/02/2018 15:47
Ես փաստերով եմ խոսում և անցնելու եմ բոլոր դատական ատյաններով. Սամվել Բաբայան
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում «Իգլա»-ի գործով ամբաստանյալ, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը պնդեց, որ ապօրինի ռազմամթերքի ձեռք բերելու, պահելու մեղադրանքի հետ ինքը որևէ կապ չունի։
«Մարդիկ տարի ու կես զենք տանել-բերելու հետ ինչ-որ հարցեր են քննարկում, պարոն Բաբայանը ըտեղ չկա։ Ես իմացել եմ էդ գույքի մասին, երբ մարդը ինձ զանգել, հարցրել է՝ դա իրոք ռազմամթե՞րք է։ Խոսքից բան չեմ հասկանում, ասում եմ՝ նկարի, բեր տեսնեմ։ Գաղտնի ձայնագրել են իմ խոսակցությունները, ու ես դրանցից որևիցե մեկից չեմ հրաժարվել։ Նկարում, բերում են, ես տեսնում եմ ու ասում եմ՝ քանի որ մարտկոցը վրայի բացակայում է, որը աշխատացնում է «Իգլան», սա կարելի է համարել տրուբա։ Մարդն ինձ հարցնում է՝ կարողա՞ պետք գա բանակին, ես ասում եմ՝ կարողա, բայց եթե ձեռդ բռնեն, պրոբլեմ ես ունենալու, դիր մի յաշիկի մեջ, տար էսինչ գյուղը ու մի սպայի ասա՝ թող գա տանի, թե չէ դու պրոբլեմ ես ունենալու», - դատարանում պատմեց Սամվել Բաբայանը։
Նա հիշեցրեց, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավարության ժամանակ, երբ ընթացել է այս գործով ռազմամթերքը տեղափոխողի հարցաքննությունը, ինքը հետաքրքրվել է՝ «Եթե գումարը տային, էլի կհանձնեի՞ր Ազգային անվտանգության ծառայությանը, ինձ պատասխանեց՝ ոչ։ Հիմա ես ուզում եմ պետական մեղադրողին հարցնել՝ ինչի՞ եք էդ ամենը հանել ձայնագրության միջից։ Ինձ ասում ա՝ եթե փողը տային, չէի հանձնի իրավապահներին։ Եթե հիմա ինքը ծանր մեղադրանքով ազատության մեջ, ու ես թեթև մեղադրանքով նստած եմ ստեղ, սա կարծում եմ ամեն ինչի մասին խոսում ա։ Ես չեմ ուզել առաջին օրվանից քաղաքականացնել դատավարությունը։ Ես խոսում եմ փաստերից»։
Սամվել Բաբայանը դատավորների կազմին առաջարկեց դատարան բերել Ռոբերտ Աղվանյանին, որը հետախուզման մեջ էր գտնվում Վրաստանից Հայաստան տեղափոխված «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար։ Բաբայանի կարծիքով, նա կարող է գործին վերաբերող կարևոր ցուցմունքներ տալ. «Մի բան ուղղակի լսեք նրանից, որ ես հետը կապ չեմ ունեցել»։
«Դատարանը պետք է առաջնորդվի փաստերով, այլ ոչ թե ենթադրություններով։ Եթե ենթադրություններով է, իմանանք, հանգիստ իմ համար նստել եմ։ Ես բոլոր ատյաններով անցնելու եմ ու ապացուցելու եմ, որ ես ճիշտ եմ», - հայտարարեց Սամվել Բաբայանը։
Ինչ վերաբերում է փողերի լվացման մեղադրանքին, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարն ասաց, որ գումարը, որը բերել են Ռուսաստանից, իրենն է ու հավելեց. «Եթե ես գողացող լինեմ, կգողանայի, բայց ի՞նչ եմ գողացել։ Ստեղ կարան լյուբոյիդ բռնեն, նստացնեն, ասեն՝ հեսա պարզում ենք։ Բայց ես փաստերով եմ խոսում ու մի խոսքով, ես հանցագործ չեմ»։
Նշենք, որ Սամվել Բաբայանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման՝ ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ ձեռք բերելու համար: