06/02/2018 16:44
Չենք քննարկել այդ հարցը. Շարմազանովը՝ «Ելքի» հրավիրած արտահերթ նիստին քվորում ապահովելու մասին
Չենք քննարկել այդ հարցը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հանրապետականը կներկայանա «Ելք»-ի նախաձեռնած արտահերթ նիստին քվորում ապահովելու համար։
«Նման ծրագիր չունենք, չենք էլ քննարկել», - նշեց նա։
Վերջինս ընդգծեց, որ անկախ իր կողմ կամ դեմ լինելուց՝ ընդդիմադիր գործընկերներն ունեն արտահերթ նիստ գումարելու իրավունք, եթե հավաքեն անհրաժեշտ ստորագրությունների քանակը։
Հարցին՝ արդյոք ինքն անձամբ պատրաստավում է մասնակցել նիստին, Շարմազանովը նշեց.
«Ես, որպես ԱԺ նախագահի տեղակալ, միշտ եմ մասնակցում նիստերին և պարտավոր եմ մասնակցել՝ անկախ նրանից քաղաքական մեծամասնությունը կամ փոքրամասնությունը դրանք կբոյկոտեն, թե ոչ»։
Խոսելով Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին՝ Շարմազանովը նշեց, որ ոչ մի օրենք դոգմատիկ չէ, մինչդեռ լսումները ցույց տվեցին, որ իշխանությունները հնարավորություն ունեն շատ քայլեր անել, որոնք կհանգեցնեն տնտեսական աճին։
«Մեր խնդիրը պետք է լինի ոչ թե արհեստական գնանկումը, այլ գնաճից ավելի մեծ տնտեսական աճ ապահովել», - նշեց նա։
Խոսելով Էդմոն Մարուքյանի հայտարարության մասին, որ իշխող մեծամասնությունը իր կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ խայտառակվեց, ԱԺ փոխնախագահը հակադարձեց.
«Էդմոն Մարուքյանը անգամ ներկա չի եղել լսումներին։ Նույնիսկ իր ֆրակցիան թողեց գնաց։ Ես այդտեղ խայտառակություն չեմ տեսել, որովհետև լսումների նպատակը շոուն չի եղել, այլ եղել է հավաքել տնտեսագիտական մտքի բոլոր առողջ առաջարկները»։
Շարմազանովը նկատեց նաև, որ լսումներից արդեն իսկ երկու դրական առաջարկ է արվել՝ գյուղական տնտեսությունների սուբսիդավորում և տրանսպորտային դրույքաչափերի նվազում։
Արտահերթ նիստ գումարելու համար «Ելք»-ին անհրաժեշտ էր 27 պատգամավորի ստորագրություն։ «Ելք»-ն արդեն ունի 29 ստորագրություն։