07/02/2018 20:25
Կորսիկացի պատգամավորները հրաժարվել են ճաշել Մակրոնի հետ
Կորսիկացի ազգայնական պատգամավորները, որոնք ընտրություններում ապահովել են ընտրողների մեծամասնության աջակցությունը, որոշել են բոյկոտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ չորեքշաբթի պլանավորված ճաշկերույթը, հայտնում է РИА Новости-ն:
Մակրոնը նախօրեին Կորսիկա է ժամանել նախագահի պաշտոնում իր ընտրվելուց հետո առաջին անգամ: Նույն օրվա երեկոյան նա հանդիպում է ունեցել «Հանուն Կորսիկայի» ազգայնական կուսակցության առաջնորդ և կղզու գործադիր խորհրդի նախագահ Ժիլ Սիմեոնիի և Կորսիկայի Վեհաժողովի խոսնակ Ժան-Գի Տալամոնիի հետ: Այդ հանդիպումից հետո կորսիկացիները հայտարարել են, որ նախագահը փակում Է երկխոսության դուռը:
Նախագահի չորեքշաբվա օրակարգը ճաշկերույթ էր նախատեսում Բաստիայի պրեֆեկտուրայում: Սակայն ազգայնական պատգամավորները, այդ թվում՝ Սիմեոնին և Տալամոնին որոշել են չմասնակցել ընդունելությանը: Պատգամավոր Ժան Ֆելիքս Ակվավիվայի խոսքով, որը մեջբերել Է Cnews հեռուստաալիքը, «մեծամասնությունը երեկվա իրադարձությունների պատճառով չի մասնակցի այդ ճաշկերույթին»: 2017 թվականի դեկտեմբերին «Հանուն Կորսիկայի» ազգայնական կոալիցիան վճռորոշ հաղթանակ է տարել տարածաշրջանային ընտրությունների երկրորդ փուլում: Տալամոնին և նրա զինակիցները պայքարում են Ֆրանսիայից Կորսիկայի ինքնավարության օգտին: