08/02/2018 12:41
Բյուջեն պետք է լինի կայուն. չենք խրախուսում այն մոտեցումը, որ պարտքի միջոցով ընթացիկ ծախսեր արվեն. Ֆինանսների նախարար
Հարկային օրենսգիրքը քննարկելիս մենք հաշվի առել ենք աքցիզային հարկի դրույքի բարձրացման ազդեցությունը գների վրա, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Լսումների ժամանակ էլ մենք դրա մասին խոսեցինք` դա գնահատված է 0.5 տոկոսային կետ», - նշեց Վ. Արամյանը:
Նա նշեց, որ հարկային գործիքով որևիցե արտոնություններ կամ գների վրա ազդման հետ կապված խաղարկումներ անելը ճիշտ չէ:
«Որովհետև հարկային օրենսդրությունը ճիշտ գործիքը չէ, որպեսզի մենք կարողանանք հանրությանը, սոցիալապես անապահով կամ խոցելի խմբերին օժանդակություն տանք», - ասաց նախարարը:
Վարդան Արամյանի խոսքով` այն ժամանակ, երբ քննարկվում էր հարկային օրենսգիրք, դրված էր պարզ տրամաբանություն:
«Հարկային օրենսգրքի մեջ կան նաև թուլացումներ, կան այնպիսի մոտեցումներ, որ տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն էր տալիս ավելի արդյունավետ կառավարել իրենց կանխիկ հոսքերը, բնականաբար, դա բյուջեի վրա առաջացնելու էր ծանրություն», -ասաց նա:
Նախարարն ընդգծեց` բյուջեն պետք է լինի կայուն, որովհետև կան պարտավորություններ:
«Մենք ունենք պարտավորություններ՝ սոցիալական ծրագրերի ֆինանսավորման, աշխատավարձերի վճարման, համայնքների համահարթեցման մասով և այլն, բնականաբար, դա պետք է ֆինանսավորվի կայուն աղբյուրներից, և եթե մենք անընդհատ գնում ենք թուլացումների` հարց է առաջանում` մեր պարտավորությունները որտեղի՞ց պետք է ֆինանսավորեն», - ընդգծեց ՀՀ ֆինանսների նախարարը:
Նա ասաց, որ մի քանի անգամ շեշտել են` չեն խրախուսում այն մոտեցումը, որ պարտքի միջոցով ընթացիկ ծախսեր արվեն:
«Իհարկե, մեր ազգաբնակչության սոցիալապես խոցելի խմբերին օժանդակելը, գնային տատանումների ազդեցությունները մեղմելը մենք տեսնում ենք ծախսային գործիքների միջոցով՝ խոսքը դիզելային վառելիքի սուբսիդավորման որոշակի մեխանիզմերի մշակումն է, ինչը որ քննարկում ենք, ինչի մասին նաև հայտարարեց ՀՀ վարչապետը», - ասաց Վարդան Արամյանը: