10/02/2018 13:34
Եթե ԱԺ նախագահը լինի ԱԱԽ կազմում, նրան հանձնարարականներ է տալու վարչապետը` աբսուրդ. Գևորգ Կոստանյան
Ազգային ժողովի նախագահի Ազգային անվտանգության խորհրդի կազմում չլինելը ոչ միայն զարմանալի չէ, այլև զարմանալի ու անընդունելի կլիներ, եթե նա լիներ ԱԱԽ կազմում, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը:
Նա ընդգծեց` ԱԺ նախագահի լինելն ԱԱԽ կազմում անընդունելի է թե՛ իրավական, թե՛ քաղաքական տեսանկյունից:
«Անվտանգության խորհուրդը, եթե մինչ այս պահը զուտ խորհրդատվական մարմին էր, ապա հիմա այն դառնում է ֆունկցիոնալ գործառութներ իրականացնող: Բացի այդ, պատկերացրեք, որ երկրի վարչապետը հանդիսանում է Անվտանգության խորհրդի նախագահ, իսկ, օրինակ, Ազգային ժողովի նախագահն էլ ԱԱԽ անդամ է և վարչապետը տալիս է համապատասխան հանձնարարականներ, այդ տեսակետից նաև Ազգային ժողովի նախագահին, սա անընդունելի է: Այսինքն վարչապետը հանձնարարականներ է տալիս Ազգային ժողովի նախագահին` աբսուրդ», - ասաց Գևորգ Կոստանյանը:
Անդրադառնալով մամուլում վերջին օրերին հնչող քննադատություններին, թե այս մտահոգություններն իմաստ չունեն, քանի որ «ԱԺ-ն այսօր էլ Կառավարության կցորդ մարմին է», ՀՀԿ խմբակցության անդամն ասաց.
«Ես մամուլի կարծիք չեմ մեկնաբանում, բայց վստահ եմ, որ նման հետևություն անելու ո՛չ իրավական, ո՛չ գործնական հիմք որևէ մեկը չունի: Թե նման կարծիքի հիմքում ի՞նչ փաստարկներ են ընկած, ինձ համար անհայտ է և անգամ տրամաբանական տեսակետից ոչ ենթադրելի: Հետևաբար ես ուղղակի աբսուրդ կհամարեմ նման մոտեցումը»: