13/02/2018 18:24
Իմ տեղը դահլիճում լինեիք ի՞նչ կանեիք, սվիստոկով կշվցնեի՞ք. Ալեն Սիմոնյանը` քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին
Երևանի ավագանու այսօրվա աղմկահարույց նիստից հետո մի խումբ քաղաքացիներ շարունակում են իրենց բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց: Նրանք դատապարտում են տեղի ունեցածն ու կոչ անում դադարեցնել բռնությունը կանանց նկատմամբ: Ի նշան բողոքի հավաքվածները սուլում են:
Ներկաներից Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը դատապարտեց ոչ միայն ծեծկռտուքին մասնակցած ՀՀԿ խմբակցության անդամներին, այլև բոլոր նրանց, ովքեր դեպքից հետո մնացին ավագանու նիստերի դահլիճում ու շարունակեցին օրակարգային քննարկումները:
«Ընդունելի չէր, որ այդ բռնության դեպքից հետո որևէ մեկը շարունակեր մնալ քաղաքապետարանում: Նույնիսկ ընդդիմադիրները, որ շարունակեցին նիստը, իրենք էլ իրենց կեցվածքով խրախուսեցին շարունակել բռնությունը», - ասաց Լարա Ահարոնյանը:
Նրա հետ բանավեճի բռնվեց շենքից դուրս եկած ու ակցիայի մասնակիցներին միացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն` ընդգծելով, որ ինքն անձամբ մնացել է դահլիճում ու ամբիոնից դատապարտել տեղի ունեցածը:
«Եղե՞լ է տենց բան, որ լինի դեպք ու ես դրան արձագանք չտամ: Մենք էլ այդ ամեն ինչի մեջ մասնակցել ենք, ձեր դժգոհությունն իմ հետ կապված ի՞նչ է, ձեր ուզածն ի՞նչ է: Ի՞նչ անենք, ասեք, դուք որ լինեիք ի՞նչ կանեիք, սվիստոկով կշվցնեի՞ք: Ես պիտի հարվածե՞ի նույն ձև, ոնց հարվածում էին: Ես գնահատականը հնչեցրել եմ` պաշտոնական գնահատականը: Հայտնել եմ, որ այն, ինչ եղավ, անընդունելի է և արդարացում չունի: Ավելին` ասել եմ, որ եթե նման բան լինի, մենք նույնպես մեզ նման բան անելու իրավունք ենք վերապահում», - ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց` շատ խնդիրներ կան ծեծկռտուքին մասնակցած երկու կողմերում էլ:
«Բայց անկախ դրանից` երկրորդ կարծիք չկա և չի կարող լինել: Անկախ նրանից՝ «Երկիր Ծիրանի»-ի ակցիան լավն էր, վատն էր, սիրուն էր, հոտավետ էր, չէր կարելի նման ձևով վարվել: Հանրապետականը վրեժխնդիր էր լինում ակցիայի համար», - ասաց ավագանու «Ելք» խմբակցության անդամը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Երևանի ավագանու նիստում Երևանի ավագանու «Երկիրր Ծիրանի» խմբակցության անդամները բանկաներով կոյուղաջրեր էին բերել՝ հայտարարելով, թե Նուբարաշենի բնակիչներն ամեն օր այդ գարշահոտն են շնչում։ Դա առաջացրեց Հանրապետական խմբակցության անդամների դժգոհությունը և նրանք փորձում էին թույլ չտալ, որպեսզի կոյուղաջրով լի բանկաները մոտեցնեն նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Արդյունքում առաջացավ քաշքշուկ, և Հանրապետական խմբակցության անդամներից մի քանիսը՝ Հովհաննես Ավանեսյանը, Դավիթ Օհանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Վասպուրակ Մարտիրոսյանը քաշքշում էին կանանց, իսկ Էդմոնդ Կիրակոսյանը նույնիսկ ապտակեց «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանին։ Երբ կրքերը թեժացան, քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը գրկեց Մարինե Խաչատրյանին և ուժով դուրս բերեց դահլիճից։