13/02/2018 17:07
Վախենում եմ միայն ահեղ դատաստանից և Աստծուց. Վարդան Ղուկասյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսօր հայտարարել է, որ ինքը ոչնչից չի վախենում և վախենում է միայն Աստծուց։
«Ես վախենալու աբրած կյանք չունեմ, որ վախենամ ինչ-որ մի բանից։ Ոչ թե զոռբա եմ և դրա համար եմ ասում։ Ես վախենում եմ միայն ահեղ դատաստանից և Աստծուց։ Իսկ իմ աբրած կյանքը վախենալու ոչ մի բան չի տվել, որ ես որևիցե մի բանից վախենամ», - «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտարարել է Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ց է վախենում Գյումրու նախկին քաղաքապետը։
Հարցին, թե ինչո՞ւ է նրա կերպարը Գյումրիում վախի մթնոլորտ առաջացնում, Ղուկասյանը պատասխանել է, որ նման տպավորություն ստեղծվել է Երևանում և դա լրագրողների պատճառով է։
«Երբ գաք Գյումրիում և Շիրակի դաշտավայրում իմ մասին հարցնեք, կտեսնեք, որ ինձ ավելի այլ ձևով են ներկայացնում, քան՝ դուք էստեղ։ Ինձ ասում են՝ հասնող, սատարող, տեր էղնող, հայրենասեր, հավատք ունեցող, խիղճ ունեցող, «բալա ջանին» սատարող։ Այդպիսի անձնավորություն են ներկայացնում։ Բայց չգիտեմ, թե ինչու այդպես ներկայացվեց այս քանի տարիների ընթացքում», -հավելել է Ղուկասյանը։
Ներկայացնելով իրեն՝ պատգամավորն ասել է, որ փոքրուց բնավորությամբ աշխույժ մարդ է եղել և հավելել. «Միշտ կարողացել եմ Գյումրիում խեղճերին, մեր բարբառով ասած, թասիբ եմ քաշել, տեր եմ եղել, օգնել եմ։ Բայց, փառք Աստծո, երբեք խիղճս չեմ կորցրել»։