14/02/2018 15:07
Մինչև փետրվարի 18-ը Արմեն Սարգսյանը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ
Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ա.Սարգսյանի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը։
Նա նշեց նաև, որ մինչև փետրվարի 18-ը Արմեն Սարգսյանը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում՝ 19-ից 28-ը: Մարտի 2-ին տեղի է ունենալու հանրապետության նախագահի ընտրությունը՝ նոր կարգով։ Նախագահին ընտրելու է խորհրդարանը։ Նոր նախագահն իր լիազորությունները ստանձնելու է ապրիլի 9-ին։ Հենց այդ ժամանակ էլ կդադարեն գործող նախագահի լիազորությունները և կառավարությունը հրաժարական կտա։
Այսօր Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ս.Սարգսյանի հետ հանդիպումը տեղի կունենա մոտակա օրերին:
«Մոտ օրերին: Իհարկե, հասկանում եք, որ հանդիպումը չի լինելու այնպես, որ ես հանդիպեմ նախագահին, ասեմ՝ ընդունում եմ: Մեր հարաբերությունները ոչ միայն ընկերական, բարեկամական են, նաև՝ դեսպանի ու նախագահի հարաբերություններ են: Տվյալ դեպքում՝ լինելու է նաև աշխատանքային», - ասել է Արմեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ նախագահի հետ հանդիպմանը լինելու են քննարկումներ։
Հունվարի 19-ին նախագահի նստավայրում հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանը ասել էր, որ թեկնածու լինելու որոշումն ընդունելուց առաջ պետք է հանդիպի քաղաքական տարբեր ուժերին, հանրության լայն շրջանակները ներկայացնող գիտական, մտավորական, հասարակական, բարեգործական կազմակերպություններին, գործարար շրջանակներին, աշխատավորական շրջանակներին: