16/02/2018 19:14
Անպատվաբեր է գալ և լեգիտիմացնել այս արատավոր ռեժիմը. Լևոն Զուրաբյանը՝ Արմեն Սարգսյանի մասին
Հայաստանի գլխավոր խնդիրների՝ ղարաբաղյան հիմնախնդրի, վերից վար կոռուպցիայի, ընտրական մեխանիզմների բացակայության վերաբերյալ ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի դիրքորոշումը հայտնի չէ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայ Ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Հայաստանում ստեղծված է քաղաքական արատավոր համակարգ, որը լեգիտիմ չէ, և մեր հրապարակային քննադատությունը լինելու է նաև իր նկատմամբ, քանի որ նա էլ իր պաշտոնի մեջ լեգիտիմ չի լինելու», - հայտարարեց Զուրաբյանը։
Ընդդիմադիր գործիչի խոսքով՝ Հայաստանում Հանրապետական կուսակցությունը ստեղծել է «արատավոր քաղաքական համակարգ, որն իրենց ձեռնտու է»։
«Եթե մեկ-երկու լուսավոր դեմք հայտնվեն այդ կառավարության պատկերում, դա ոչ մի բան չի փոխի։ Հակառակը այդ լուսավոր դեմքերը հայտնվում են այդ արատավոր ռեժիմի լեգիտիմիզացիայի նպատակով», - նշեց Զուրաբյանը՝ ընդգծելով, որ դա անպատվաբեր գործ է։