16/02/2018 12:20
2018 թվականի բյուջեն ռիսկային է. Խոսրով Հարությունյան
2018 թվականի բյուջեն ռիսկային է և շատ մտահոգիչ կլինի, եթե հընթացս որոշվի այդ բյուջեում փոփոխություններ կատարել, այսօր ԱԺ արտահերթ նիստում` Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։
Նա պնդեց, որ գների բարձրացումը էականորեն պայմանավորված չէ ակցիզային դրույքաչափերի բարձրացմամբ, իսկ եկամտային հարկի դրույքաչափերի փոփոխությունն էլ դժգոհություն չի առաջացնի։
«Մեր խնդիրը պետք է լինի հասկանալ՝ արդյոք այս քայլով, այս փոփոխությունները կատարելով իրականում կարողանո՞ւմ ենք լուծել, թե՞ ոչ։ Եթե չենք լուծում` ունքը սարքելու փոխարեն աչքը չվնասենք։ Մտահոգությունս սա է», - հայտարարեց Հարությունյանը։
Պատգամավորն ասաց, որ օրենսդրական նախաձեռնության հեղինակներին, այսինքն՝ «Ելք» խմբակցությանը հորդորել է այս փուլում ձեռնպահ մնալ և նախաձեռնությունը չներկայացնել, սակայն մերժում է ստացել։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ կայացած նիստում բացասական եզրակացություն էր տվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությանը։