17/02/2018 14:30
«Չհուսահատվեք» Նիկոլ Փաշինյանը խոսել է ներքին փշերը հաղթահարելու մասին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ «Ելք»-ի կազմում ընդգրկված երեք կուսակցությունները կմիավորվեն և ինքը կմասնակցի միասնական համագումարի։
«Կա պոտենցիալ, որ մենք, ի վերջո, կմասնակցենք միասնական համագումարի», - այսօր համագումարում ունեցած իր ելույթում հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով, «Ելք» դաշինքի կազմում գործող երեք կուսակցությունների անուններում ընդգծվում է իրենց քաղաքական գործունեության նպատակը ու դրան հասնելու միջոցը։
«Ի՞նչ ենք մենք ուզում, ի վերջո. մենք ուզում ենք Հանրապետություն՝ ի տարբերություն այսօրվա բդեշխության։ Մենք ուզում ենք հանրապետություն և հասկանում ենք, որ այդ հանրապետությունը հնարավոր է կերտել միայն քաղաքացիական ընդարձակ պայմանագրի միջոցով և նման պայմանագիր կարող են կնքել միայն լուսավորյալ, լուսավոր մարդիկ, ովքեր շատ հստակ պատկերացնում են իրենց նպատակները», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ լուսավորական ոչ մի գործունեություն հարթ չի անցել, հետևաբար Մարուքյանի մատնանշած «Փշերի միջոցով դեպի աստղեր» արտահայտությունը ճիշտ է։
«Լուսավորական ոչ մի գործունեություն կոմֆորտի միջոցով չի եղել, Հիսուս Քրիստոսից մինչև Գրիգոր Լուսավորիչ։ Դրանք եղել են զրկանքների, տառապանքների, օտարման, հետապնդումների, չհասկացվածության մերժվածության փշեր։ Դրանք են այն փշերը, որի միջոցով պետք է անցնի ցանկացած մարդ, ով իրեն համարում է լուսավորության մարտիկ։ Այս առումով կարծում եմ, որ «Ելք» դաշինքի հիմքում դրված է հենց այս գործունեությունը։ Էդ փշերը չեն վերաբերում միայն արտաքինին, էդ փշերը վերաբերում են նաև համագործակցության ընթացիկ ժամանակներին, անցյալին և ապագային։
Դա նույնպես այդ ճանապարհի անբաժանելի մասն է, և ես հույս ունեմ, որ մենք ունենք բավարար քաղաքական կամք, իմաստություն, հմտություն այդ ամենը հաղթահարելու և ի վերջո լուսավոր Հայաստանի միջոցով կնքելու քաղաքացիական պայմանագիր՝ կերտելու մեր երազած Հանրապետությունը», - նշեց Նիկոլ Փաշինյանը։
Իրենց ծրագիրը, պատգամավորը հատկապես կարևոր համարեց, քանի որ, նրա պդնմամբ, Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Հայաստանի Հանրապետությունը «դնել բրեժնևյան ճահճացման» ժամանակաշրջանում։
«Այս հարցի շուրջ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների հստակ և միասնական դիրքավորումը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Ելք դաշինքի այլ նաև Հայաստանի համար։ Մի բանում ես չեմ կասկածում՝ մեզնից յուրաքանաչյուրը անմնացորդ նվիրված է այն նպատակներին, որոնք դրված են «Ելք» դաշինքի հիմքում, և մենք պետք է ամեն օր չմոռանանք իրար առաջ ու Հայաստանի ժողովրդի առաջ ստանձնած մեր պատասխանատվության մասին։ Մենք չպետք է մոռանանք, որ մեր ձայնը պետք է բարձրանա Հայաստանի Հանրապետությունում, և չհուսահատվեք, ժողովուրդ ջան, որովհետև ելք կա», - ելույթը եզրափակեց ընդդիմադիր գործիչը։