17/02/2018 13:15
«Փշերի միջով դեպի աստղեր». Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ հավատարիմ են լինելու «Ելք» դաշինքին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր կուսակցության համագումարում հայտարարել է, որ հավատարիմ են լինելու «Ելք» դաշինքին։
«Մենք հավատարիմ ենք մեր ստանձնած կարևոր պատասխանատվությանը և ամեն բան անելու ենք հետագայում, որ «Ելք» դաշինքը կարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին և, հաղթահարելով ցանկացած մարտահրավեր, դրանից դուրս գա ավելի հզորացած», - համագումարում ունեցած իր ելույթում հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
Նա հիշեցրել է լատինական հայտնի ասույթը՝ «Փշերի միջով դեպի աստղեր» և ասել, որ դա է իրենց ճանապարհը։ Մարուքյանի խոսքով, «Ելք» դաշինքը արդեն գործում է մեկ տարի ու ներկայացնում է Հայաստանի ընդդիմադիր բևեռը՝ թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս։
Պատգամավորը հիշեցրել է խորհրդարանական, դրանից հետո Երևանի ավագանու ընտրությունները, դրանց արդյունքները, որոնց արդյունքում «Ելք» դաշինքը ներկայացված է թե՛ խորհրդարանում, թե՛ մայրաքաղաքի ավագանիում։
«Այս արդյունքներից յուրաքանչյուրը հաջողության պատմություններ են յուրաքանչյուրիս համար և մենք պետք է խնամքով վերաբերվենք դրան», - ասաց նա։