20/02/2018 15:47
Քաղաքապետարանում ԶԼՄ-ների աշխատանքը սահմանափակող կարգավորումները մերժելի են «Ելքի» կողմից. Հայտարարություն
Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշակել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել ԶԼՄ-ների աշխատանքի կանոնակարգման վերաբերյալ՝ ընդգծելով, թե «այս հանձնարարականը վերջին օրերին քաղաքապետարանի շուրջ զարգացող իրադարձությունների հետևանք է, որը հետապնդում է լրագրողների օրինական գործունեությունը սահմանափակելու նպատակ»։
«Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարում է, որ գործող կանոնակարգումները անհամաչափորեն սահմանափակում են ավագանու անդամների աշխատանքը ԶԼՄ-ների հետ, ուստի նոր՝ էլ ավելի սահմանափակող կարգավորումները մերժելի են խմբակցության կողմից:
Միաժամանակ, նշենք, որ այս համատեքստում Երևանի համայնքի վարչական շենքերում և ենթակայության տակ գործող կազմակերպություններում ԶԼՄ-երի աշխատանքի ցանկացած կարգավորում պետք է բխի ՀՀ Սահմանադրությունից, «Տեղեկատվության ազատության մասին» և «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների համապատասխան դրույթներից։
Սույնով կոչ ենք անում Տարոն Մարգարյանին ձեռնպահ մնալ Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը վնասող կանոնակարգումներից», - ասված է «Ելք»-ի հայտարարությունում։