02/03/2018 17:09
ՀՀ նախագահի լիազորություններն Արմեն Սարգսյանը կստանձնի ապրիլի 9-ից
ՀՀ նոր նախագահի լիազորություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից: Մինչև ապրիլի 9-ը ՀՀ նախագահի լիազորությունները կշարունակի կատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրեց: Միակ թեկնածու Արմեն Սարգսյանն ընտրվեց 90 կողմ, 10 դեմ քվեով:
Ապրիլի 9-ին, երբ Արմեն Սարգսյանը պաշտոնապես կստանձնի նախագահի լիազորությունները, մինչև ապրիլի 16-ն ընկած ժամանակահատվածում նոր կառավարության ձևավորման համար խորհրդարանական խմբակցությունները պետք է առաջադրեն վարչապետի թեկնածու:
Դրանից հետո Ազգային ժողովում կկազմակերպվեն վարչապետի ընտրություններ: Վարչապետի լիազորությունները ստանձնելու համար առաջադրված թեկնածուն պետք է հավաքի ձայների 50 տոկոսը:
Համաձայն Սահմանադրության՝ խորհրդարանի ընտրած վարչապետին նշանակում է նախագահը, որից հետո վարչապետը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նախարարների և իր տեղակալների թեկնածուներին, որոնց նշանակման մասին տեղեկանքը ստորագրում է նախագահը 3-օրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ համաձայն Սահմանադրական փոփոխությունների՝ արդյունքում ՀՀ-ն պետք է անցում կատարի խորհրդարանական համակարգի: Նման համակարգի անցում կատարելու գործընթացն ավարտված կհամարվի ՀՀ նոր նախագահի լիազորությունների ստանձնման օրը՝ ապրիլի 9-ին: