12/03/2018 16:26
Մարտի 1-ի իմ դերակատարումը եղել է հրապարակային. Փաշինյանի արձագանքը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությանը
Ռոբերտ Քոչարյանը պետք է հստակ պարզաբանում տա՝ որտեղից իրեն այդ տեղեկատվությունը, որ մեքենաների հետևից Մարտի 1-ի կամ ինչ-որ այլ ցուցարարներ դուրս էին գալիս, կրակում էին զինվորների հետևից ու թաքնվում էին, «Ազատության» հետ զրույցում ասել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Բոլոր հարցերի կոնտեքստում այս հարցը չպետք է մոռանանք: Սա Ռոբերտ Քոչարյանի հարցն է», - ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարությանը, որ Փաշինյանը Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչն է:
«Իմ կարծիքով՝ այս մեկնաբանության բուն նպատակն այն է, որ փոխանակ մենք քննարկենք, թե ովքեր էին Մարտի 1-ին մեքենայի հետևից դուրս գալիս, կրակում և թաքնվում, քննարկենք բաներ, որոնք բազմիցս քննարկված են: Մարտի 1-ի իմ դերակատարումը եղել է հրապարակային, տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ: Նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են», - նշել է նա:
Դիտարկմանը, թե Քոչարյանին դուր չի եկել, որ Մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումներ են կազմակերպվել՝ Փաշինյանն արձագանքել է.
«Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մոտակա ու հեռակա ապագայում դեռ էնքան բան դուր չի գա, բայց ես ասում եմ՝ մենք այս թեմայից չենք շեղվելու»: