15/03/2018 16:34
Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում, երկու դասախոս ազատվել է աշխատանքից
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն աշխատանքաից ազատել է բուհի դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին, ովքեր սեպտեմբերից սկսած ընդվզում էին ռեկտորի գործողությունների դեմ։
Ինչպես Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Խորիկյանը, ռեկտորի որոշման մասին իմացել են քիչ առաջ և պատրաստվում են դիմել Հատուկ քննչական ծառայություն։
«Դեռևս փետրվարին ռեկտորն 5 հոգանոց էթիկայի հանձնաժողով էր ստեղծել։ Եվ այդ հանձնաժողովն իբր թե հիմքեր է գտել։ Երեկ համալսարան էին եկել ԱԺ կրթության և գիտության մշտական հանձնաժողովից։ Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը հարցազրույց էր տվել՝ ասելով, որ բուհում, իսկապես, խնդիրները լուրջ են, երկու դասախոս, ովքեր 5 ամիս շարունակ բարձրաձայնում են ապօրինությունների մասին, բոլորը հիմնավոր են ու փաստարկված, հետագա ուսումնասիրությունները շարունակվելու են, որպեսզի տեսնեն, թե ռեկտորն ինչի համար է կանոնադրություն խախտում, կրթության որակն ընկած է, ուսանողների առաջադիմության համար նախատեսված զեղչերը երկու տարի շարունակ չեն կատարվում։ Ռեկտորին նախապես տեղյակ էին պահել, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովից պետք է գային, և ինչպես միշտ, կարևոր պահերին ռեկտորը փախնում է։
Մի ամբողջ օր գնաց, չգիտեմ՝ որտեղ պահմտավ, այսօր էլ որպեսզի իր թիմին, մտերիմներին, ու առաջին հերթին ինքն իրեն ցույց տալու համար նման որոշում ընդունեց, թե պարոն ռեկտորը տղամարդ է և թամբի վրա է։ Համոզված ենք, որ ռեկտորին ուղղակի հովանավորում է նախարար Մկրտչյանը», - ասաց Հովհաննես Խորիկյանը։
Այս ամենն աշխատանքից ազատված դասախոսները որակում են որպես պաշտոնեական դիրքի չարաշահում.
«Անպայման դիմելու ենք համապատասխան իրավապահ մարմիններին ու մեր իրավունքները կվերականգնենք։ Համոզված ենք, որ անպայման վերականգնելու ենք մեր իրավունքները։ Բայց որ նախարարը հովանավորում է ռեկտորին, դույզն ինչ, կասկած չկա»։
Խորիկյանը վստահ է, որ համալսարանում յուրայիններից կազմված էթիկայի հանձնաժողով ստեղծելու գաղափարը ռեկտորին տվել է կրթության նախարարը։
Նշենք, որ Հովհաննես Խորիկյանը համալսարանում ամբիոնի վարիչի պաշտոնակատար է։
«Ոչ միայն պաշտոնակատարի պարտականություններից է ազատել, այլ ընդհանրապես է ազատել», - տեղեկացրեց Խորիկյանը։
Նա նշեց, որ իրենց արդեն իսկ զանգահարել են բազմաթիվ դասախոսներ և ուսանողներ, նա դեռևս թույլ չի տվել որևէ քայլ կատարել։
«Սպասենք, տեսնենք, թե ինչ արդյունավետ պայքարի միջոց կընտրենք», - եզրափակեց Հովհաննես Խորիկյանը։