22/03/2018 12:26
ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրն ուղարկվել է ԱԺ վավերացման
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված ««Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը:
Այն ներկայացվել է Ազգային ժողով վավերացման:
Ըստ հիմնավորման, շրջանակային նոր համաձայնագիրը կարևորվում է նրանով, որ նոր՝ գործընկերային մակարդակի է բարձրացնում ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները և կոչված է դրանք կարգավորելու գալիք տարիների ընթացքում։
Համաձայնագրի դրույթները համապատասխանում են ինտեգրացիոն այլ ձևաչափերում Հայաստանի ստանձնած պարտավորություններին։
Համաձայնագիրը կանոնակարգում է ՀՀ-ԵՄ քաղաքական և տնտեսական բնագավառում երկխոսությունը, ոլորտային համագործակցությունը և առևտրային հարաբերությունները։ Կարևորում և խրախուսում է քաղաքական և տնտեսական
բարեփոխումների շարունակականության ապահովումը։
Համաձայնագիրը որակապես ավելի ընդգրկուն ոլորտային համագործակցություն է առաջարկում, նախատեսելով մի շարք ուղղություններով համապատասխան մոտարկում ԵՄ չափորոշիչներին։