03/04/2018 17:07
Աման Տուլեևը դարձել է Կեմերովոյի մարզի խորհրդարանի պատգամավոր
Ռուսաստանի Կեմերովոյի մարզի նախկին նահանգապետ, 73-ամյա Աման Տուլեևը տարածաշրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի մանդատ է ստացել, հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով տարածաշրջանի ընտրական հանձնաժողովին:
Ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ 2013 թվականին Տուլեևը գլխավորել Է թեկնածուների միասնական ցուցակը, որը «Եդինայա Ռոսիա»-ն առաջադրել էր մարզային խորհրդի պատգամավորների ընտրություններում: Նրա խոսքով՝ Տուլեևին հանձնել են պատգամավոր Վան Վայ-Չենի թափուր մանդատը, որն իր լիազորությունները վայր էր դրել 2016 թվականին:
Մարզային խորհուրդը պետք է Տուլեևին տա պատգամավորի վկայական և նրան ընդգրկի կոմիտեներից մեկում: 1997 թվականից Կեմերովոյի մարզը ղեկավարած Աման Տուլեևը 2018 թվականի ապրիլի 1-ին իր լիազորությունները վաղաժամկետ վայր դնելու խնդրանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին էր դիմել Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո, որի հետևանքով զոհվել է 64 մարդ, տուժել՝ 79 հոգի: Պետության ղեկավարն ընդունել էր Տուլեևի հրաժարականը՝ տարածաշրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով 57-ամյա փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլյովին: