11/04/2018 14:06
Հայաստանի կառավարությունը հերթական վարկն է վերցնում, այս անգամ՝ ջրագծի կառուցման համար
Հայաստանի կառավարությունը մտադիր է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 2 մլն դոլար վարկ ստանալ և բանկին դիմել է ֆինանսավորում ստանալու առաջարկով, այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
«Վարկային ծրագրով նախատեսված էր 30 մլն դոլարի վարկ, ևս 7,5 մլն դոլարի համաֆինանսավորում, որով նախատեսված էր հիմնականում Մեղրիի, Քաղցրաշենի, Գեղարդալիճի և Բաղրամյան-Նորակերտ տարածքներում մեխանիկական ոռոգման համակարգերի փոխարինումը ինքնահոս համակարգերի: Ծրագրով պլանավորված աշխատանքներն իրականացվում են: Մենք ունենք տնտեսված գումարներ՝ 575 մլն դրամ, որոնք ուղղվել են Մեղրիի տարածաշրջանում մեկ այլ բնակավայրում ինքնահոս համակարգի անցմանը», -ներկայացրեց Հարությունյանը:
Կառավարության պաշտոնյան ասաց, որ նոր վարկային միջոցներով միանգամայն նոր ծրագիր է իրականացվելու։
«Պարզապես Բաղրամյան-Նորակերտ հատվածում կառուցվող ջրագծի վերականգնման արդյունքում պարզ դարձավ, որ մենք ունենք մոտ 575 հա ոռոգելի հողատարածքներ, որից ոռոգվում է ընդամենը 45 հեկտարը: Պատճառը քայքայված համակարգն է: Այդ տարածքում կառուցում ենք փակ համակարգ, տեղադրվում են ֆիլտրեր յուրաքանչյուր հողօգտագործողի մոտ, տեղադրվում են արևային պանելներ ու հաշվիչներ և հնարավորություն է տրվում հողօգտագործողներին ու ջրօգտագործող ընկերությանը օնլայն ռեժիմով հետևել հատկացվող ջրի ռեժիմին ու քանակներին», - ասաց Հարությունյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ծրագիրը հնարավորություն է տալիս առաջիկա 4 տարում այդ ողջ տարածքը ոռոգելի դարձնել, ջրով ապահովել, բերքատվությունը բարձրացնել 11-14 տոկոսով և տնտեսել տարեկան 5 մլն խմ ջուր:
«Այդ նպատակով Հայաստանը դիմել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին 2 մլն դոլար լրացուցիչ ֆինանսավորման առաջարկով», - նշեց Հարությունյանը։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանին մտահոգել էր՝ ինչպես են ծախսվելու վարկային միջոցները, ի՞նչ միջոցներով ու ե՞րբ է մարելու Հայաստանի կառավարությունը վերցրած վարկը։
Ի պատասխան Հարությունյանն ասաց, որ 2 մլն դոլարով 150.3 կմ ջրագիծ է կառուցվելու, որն ընդգրկելու է 575 հեկտար տարածք։
«Այդ տարածքի շահառուները 800-900 հողօգտագործողներ են, որոնց մոտ դրվելու են ֆիլտրացիոն համակարգեր, արևային պանելներ և էլեկտրոնային հաշվիչներ։ Հողօգտագործողներին մնում է կաթիլային համակարգը տեղադրել։ Այդ դեպքում զգալի ջրային պաշար կխնայենք», - ներկայացրեց Հարությունյանը։
ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե վերցված գումարի դիմաց որքա՞ն է կառավարությունը տոկոսներով վերադարձնելու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, սակայն Արսեն Հարությունյանը չկարողացավ հստակ տվյալներ ներկայացնել.
«Կներեք, չեմ կարող ասել»։