16/04/2018 13:19
Սիրիայի ԱԳՆ. ՔԶԱԿ-ի առաքելությունն աշխատանքի է անցնում Արևելյան Ղուտայի Դումա քաղաքում
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելությունը, որը ժամանել է Դամասկոս, երկուշաբթի կմեկնի Դումա՝ հետաքննելու ենթադրյալ քիմիական գրոհը քաղաքում, հայտնել է Al Watan թերթին Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Այման աս Սոուսանը, փոխանցում է ТАСС-ը:
Նրա խոսքով՝ «սիրիական պետությունը աջակցություն կցուցաբերի միջազգային փորձագետներին»: «Մենք հուսով ենք, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստերի հայտնաբերման առաքելության աշխատակիցները աշխատանքը կկատարեն պրոֆեսիոնալ կերպով ու օբյեկտիվորեն և կլինեն չեզոք՝ չենթարկվելով իրենց վրա գործադրվող ճնշումներին», - հայտարարել Է դիվանագետը:
Սոուսանի խոսքով՝ Դամասկոսում ակնկալում են, որ փորձագետների առաջիկա զեկույցը «կմերկացնի այն ստահոդ պնդումները, որոնք հերքում էին Սիրիան ու նրա դաշնակիցները՝ Ռուսաստանը և Իրանը»:
Ինչպես նշում է Al Watan-ը, Առաքելության անդամները Դամասկոս են ժամանել ապրիլի 14-ին: Նրանք կիրակի Սիրիայի կառավարության և ուժային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել են առաջիկա աշխատանքի ծրագիրը: Հրատարակության տեղեկատվության համաձայն, փորձագետները պլանավորում են աշխատանքն ավարտել ապրիլի 18-ին և Դամասկոսից իրենց մեկնումից առաջ նախնական զեկույցը կներկայացնեն ՄԱԿ-ին: