21/04/2018 12:34
Հավաքը դադարեցնելու համար տրամադրվել է ողջամիտ ժամկետ, այլապես ոստիկանությունը կցրի հավաքը. հայտարարություն
Հավաքի կազմակերպիչները շարունակում են հանդես գալ երթևեկությունը կաթվածահար անելու կոչերով, որին ի կատարումն՝ Երևանում և այլ քաղաքներում զանգվածային բնույթ են կրում հավաքների մասնակիցների կողմից տրանսպորտային միջոցներով և շրջիկ խմբերով երթևեկությունը տևական ժամանակով փակելու գործությունները, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
ՄՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության, այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։
Ստեղծված իրավիճակում այլևս գերակա են դարձել այլոց սահմանադրական իրավունքները և հանրային շահը, ընդ որում՝ այլ կերպ հնարավոր չէ կանխել դրանց անհամաչափ սահմանափակումները, քանի որ ոստիկանության բազմաթիվ կոչերը, նախազգուշացումները և օրինական պահանջները կատեգորիկ անտեսվել են հավաքի ղեկավարի և մասնակիցների կողմից:
Ելնելով վերոգրյալից, ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանից և հավաքի մյուս փաստացի կազմակերպիչներից պահանջում է դադարեցնել Երևան քաղաքի բոլոր մասերում անցկացվող անօրինական հավաքները և այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքների մասնակիցներին:
Նախազգուշացնում ենք, որ հավաքի ղեկավարի բացակայության կամ հավաքի ղեկավարի կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքերում հավաքը դադարեցնելու համար տրամադրվելու է ողջամիտ ժամկետ:
Սահմանված ողջամիտ ժամկետում հավաքը չդադարեցնելու դեպքում ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կցրի հավաքը:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Վալերի Օսիպյանը հավաքը դադարեցնելու պահանջն արդեն իսկ ներկայացրել է հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին», - ասված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ։