22/04/2018 15:03
ԱԺ հատուկ նիստ դեռ չի նախատեսվում. իշխանությունը նորից պատրաստ է երկխոսության. Էդուարդ Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովը այս պահին չի նախատեսում հատուկ նիստ հրավիրել։
«Գոնե իրավական առումով նման անհրաժեշտություն չկա, այս պահին նման օրակարգ ինձ հայտնի չէ, նման իրավական անհրաժեշտություն դեռևս չի առաջացել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է երկրում ստեղծված իրավիճակից ելնելով ԱԺ հատում նիստ հրավիրվի։
Aysor.am-ի հացրին՝ հնարավո՞ր է այսօրվա տապալված բանակցությունից հետո մեկ անգամ ևս երկխոսության կոչ արվի իշխանության կողմից, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է պարոն Փաշինյանից, պատմության մեջ առաջին անգամ երեկ ՀՀ նախագահը գնաց ցուցարարների մոտ, այսօր վարչապետը հանդիպեց Փաշինյանին, երկխոսության կոչ արեց, բայց, ցավոք սրտի, պարոն Փաշինյանը կոչերին՝ իրականացնել երկխոսություն, որոնք կհանգեցնեին բարեփոխումների, որով համակարգային փոփոխությունների ընթացքն էլ ավելի կմեծանար, գնաց մերժողական ճանապարհով», - ասաց նա։
Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ՝ այսօր ՀՀ վարչապետի ու Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպումը երկխոսություն չէր։
«Դա վերջնագիր էր, այդպես չի լինում, ի՞նչ է նշանակում ես եկել եմ միայն քո հրաժարականը քննարկեմ, պատրաստ կլինի Փաշինյանը երկխոսության՝ առարկայական քաղաքական օրակարգով, հուսանք կլինի երկխոսել, միակ ճանապարհը հանդուժողականությունն է, համերաշխությունը, երկխոսությունը», - նշեց նա։
Հնարավոր համարո՞ւմ է ԱԺ փոխնախագահը Նիկոլ Փաշինյանին պատգամավորական մանդատից զրկելը, նա պատասխանեց, թե առ այս պահը նման իրավական հիմք Ազգային ժողով չի եկել։
Անդրադառնալով երեկ և այսօր ոստիկանության գործողություններին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, թե ոստիկանությունը բռնի ուժ չի կիրառում։
«Ոստիկանների իրավասության մեջ է մտնում հասարակական կարգի պահպանումը, որի մասին օրեր շարունակ ոստիկանությունը պաշտոնական հայտարարություններ է տարածել, օրենքի խախտումներ են տեղի ուենում, դրա մասին խոսեց նաև Էդմոն Մարուքյանը, որը չի փայլում իշխանության պաշտպանը լինելով, նա քննդատեց իր ընդդիմադիր գործընկերներին փողոց փակելու և այլնի մեջ, լավ, ինչքա՞ն պետք է փողոցը փակ մնա, ինչքա՞ն պետք է սիգնալ տան, ինչքա՞ն պետք է կաթվածահար անեն պետական հաստատությունների աշխատանքը, ինչքա՞ն, ո՞րն է իրավական հիմքը», - ասաց Ազգային ժողովի փոխնախագահը։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, թե «իշխանությունն այսօր էլ երկխոսության, համերաշխության կոչ է անում, բայց մերժողականությունը որևէ տեղ չտանող ճանապարհ է»։