24/04/2018 20:40
Չի բացառվում, որ մեր կառավարության կազմում ընդգրկվեն նաև այլ ուժերի ներկայացուցիչներ. Փաշինյան
Մենք պատրաստ ենք ղեկավարել երկիրը և առաջնորդել դեպի ապագա, այսօր միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստ են ղեկավարել կառավարությունը և արդյոք ունեն թիմ։
«Այսօր մենք խոսում ենք ժամանակավոր կառավարության մասին և կարծում եմ՝ միակ կարևոր պատասխանատվությունը, որ պետք է ունենա այդ կառավարությունը, ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է։ Վստահ ենք, որ մեր թավշյա հեղափոխությունը ունի մեծ պոտենցիալ ու մեծ թիմ՝ դա անելու համար», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Միաժամանակ, ընդդիմադիր գործիչը չբացառեց, որ իրենց կառավարության կազմում կներառեն քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ։ «Նկատի ունեմ, օրինակ, քաղաքացիական հասարակությունից, այլ ուժերից և այլն։ Մենք բաց ենք բանակցությունների և եթե մենք որևէ լավ առաջարկ ստանանք, կքննարկենք դա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Դիտարկմանը, թե արդյոք բանակցությունների ընթացքում կդադարեցվեն փողոցային ցույցերը մինչև բանակցություններն ավարտվեն, Փաշինյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ որևէ ընդմիջում չի լինի, «մինչև թավշյա հեղափոխությունը տրամաբանական ավրատ չունենա»։
«Մենք այս պահին տիրապետում ենք Հայաստանում իրավիճակին և կարող ենք ցանկացած պահի մասսայական միջոցառում անցկացնել», - հավելեց նա։