.jpg)
Դատավորը չունի ինստրուկցիա, դրա համար էլ «Սասնա ծռեր» խմբի անդամները ազատ չարձակվեցին. Փաստաբան
«Սասնա ծռեր» խմբի անդամներից մի քանիսի փաստաբան Արայիկ Պապիկյանը հավատում էր, որ այսօր դատարանը կփոխի իր պաշտպանյալների և ընդհանրապես, այս գործով ամբաստանյալների խափանման միջոց կալանքը և նրանք ազատ կարձակվեն։ Սակայն դատավոր Արշակ Վարդանյանը այդ մասին բոլոր միջնորդությունները այսօրվա նիստում մերժեց։
«Դատավոր Արշակ Վարդանյանը և նիստին ներկա դատախազության երկու ներկայացուցիչները պետական դավաճանություն իրականացրեցին։ Սա սաբոտաժ էր նոր վարչապետի և հեղափոխության դեմ։ Դա պետական դավաճանություն է», - այսօր նիստից հետո հայտարարեց փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Նրա խոսքով՝ և՛ դատավորը, և՛ մեղադրանքը պաշտպանող երկու դատախազները իրավունք չունեն այլևս շարունակել աշխատել և դավաճանության հիմքով պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
Փաստաբան Պապիկյանը նկատեց, որ նոր իշխանությունները դատարանին հրահանգ չեն իջեցրել, և դատավոր Արշակ Վարդանյանը «չկարողացավ հասկանալ, որ արդարադատություն պետք է իրականացնի»։
«Դատավորի համար ոչ ստանդարտ իրավիճակ է, չունի ինստրուկցիա դրա համար ինքը շարունակում է հին մեթոդներով աշխատել՝ մինչև նոր հրահանգ ստանալը։ Ինքը երբեք ինքնուրույն որոշում չի կայացրել։ Իր համար ոչ ստանդարտ իրավիճակ է», - ասաց Պապիկյանը։
Ավելի վաղ, Aysor.am-ը տեղեկացրել է, որ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներ Սերգեյ Կյուրեղյանի, Տիգրան Մանուկյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Գագիկ Եղիազարյանի, Թորոս Թորոսյանի, Գևորգ Իրիցյանի, Թաթուլ Թամրազյանի, Հովհաննես Հարությունյանի, Արամ Մանուկյանի և Մարտիրոս Հակոբյանի փաստաբաններն այսօր դատարանին միջնորդել էին փոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոց կալանքը, սակայն դատավոր Արշակ Վարդանյանը մերժել էր այդ միջնորդությունները։