14/05/2018 15:22
Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրենը, հնարավոր է, հայտնվի քրեական գործի թիրախում
Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանի կողմից կատարած չարաշահումների մասին դպրոցի աշխատակիցների կողմից հայտաարությունների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին, հասարակության կամ պետության օրինական շահերին»։ Այդ մասին Aysor.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
«Դատախազությունից այդ դպրոցի վերաբերյալ համապատասխան հրապարակումներն ուղարկվել էին ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու ցուցումով: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ», - փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։
Ավելի վաղ Aysor.am տեղեկացրել էր, որ մայիսի 4-ին Մոնթե Մելքոնյանի անվան Երևանի թիվ 11 դպրոցում մի խումբ ծնողներ ու աշակերտներ պահանջում էին դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը։
Ցուցարարների խումբը Ազիզյանին մեղադրում էր դրամահավաքություն իրականացնելու համար։ Իսկ գրադարանավարը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ աշխատողներին տրված պարգևավճարները ստացել են բանկային քարտի միջոցով և առձեռն փոխանցել դպրոցի տնօրենին։
Ազիզյանը մայիսի 5-ին աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։