15/05/2018 19:22
Իրանը պահանջել է Գազայում պաղեստինցիների դեմ Իսրայելի գործողությունները հետաքննել ՄՔԴ-ում
Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել է Իսրայելի իշխանությունների գործողությունները Գազայի հատվածում բողոքի ելած պաղեստինցիների նկատմամբ և այդ կապակցությամբ հետաքննություն է պահանջել Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ), ասված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, որի խոսքը մեջբերում է գերատեսչությունը, Գազայում տեղի ունեցած իրադարձությունները որակել է «տասնյակ պաղեստինցիների անողոք սպանություն» և «աննախադեպ դաժան հաշվեհարդար», հայտարարելով, որ Գազայի ցույցերը խաղաղ բնույթ էին կրում:
«Նա (Քասեմին) կոչ է արել տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններին՝ անհապաղ օպերատիվ միջոցներ ձեռնարկել, դատապարտել իսրայելական ռեժիմի կողմից կատարված հանցագործությունները և Թել-Ավիվի ռեժիմին Միջազգային քրեական դատարանին ներկայացնել որպես ռազմական հանցագործի», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Վերջին տվյալների համաձայն, Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին բախումների հետեւանքով զոհվել է 59 պաղեստինցի, ավելի քան 2,7 հազար մարդ վերքեր են ստացել: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել: Գազայի հատվածի իրադրությունը այսօր կքննարկի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: