21/05/2018 11:30
Սամվել Բաբայանի աջակիցները շարունակում են բողոքի ակցիան. նրանք պահանջում են նաև Գլխավոր դատախազի հրաժարականը
Սամվել Բաբայանի աջակիցներն, ինչպես և նախապես հայտարարել էին, այսօր շարունակում են իրենց բողոքի ակցիան Վճռաբեկ դատարանի դիմաց:
Ուրբաթ օրը տեղի ունեցած ակցիայի ժամանակ նրանք պահանջում էին, որ Դատական դեպարտամենտը, Վճռաբեկ դատարանը ներկայացնեն հստակ օր, թե երբ է տեղի ունենալու Սամվել Բաբայանի գործով Վճռաբեկ դատարանի նիստը: Բանն այն է, որ այն կարող է նշանակվել դատարան դիմելուց երեք ամսյա ժամկետում, Բաբայանի աջակիցները, սակայն, պահանջում են այն հնարավորինս շուտ նշանակել:
Նախորդ ակցիայի ժամանակ քաղաքացիների մոտ իջավ Վճռաբեկ դատարանի նախագահն, ով ասաց, որ ամեն բան լինելու է օրենքով` չհստակեցնելով նիստի օրը:
Այսօրվա բողոքի ակցիային մասնակցում է նաև Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:
«Մասնակցում եմ, որ Սամվել Բաբայանը ժամ առաջ լինի տանը: Սամվել Բաբայանը ստեղծած, հնարավի հերոս չէ», - ասաց նա:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են նաև գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: