25/05/2018 12:19
ՀՀԿ-ն պատրասվում է 2022-ի ԱԺ ընտրություններին. Վահրամ Բաղդասարյանն արտահերթ ընտրության կարիք չի տեսնում (Տեսանյութ)
Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ 2017-ի ընտրություններից առաջ մեր բոլոր առաջարկները ներկայացրել ենք, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն ունի առաջարկներ ԸՕ-ի փոփոխությունների մասով։
«Մենք առաջարկություններ չուենք, չենք տեսել, թե ինչ նախաձեռնություն է, բայց ոչ մի քննարկումից չենք հրաժարվի, եթե նման առաջարկ լինի», - ասաց նա։
Հարցին, թե հավանակա՞ն է համարում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ աշնանը, Բաղդասարյանն ասաց, որ դրանց անհրաժեշտություն չի տեսնում և իրենք որևէ խոչընդոտ չեն հանդիսանալու կառավարությանը՝ իր ներկայացված ծրագիրն իրականացնելու, որն իր հերթին պետք է ուղղված լինի երկրի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը։
«Այս պարագայում չգիտեմ՝ որն է պատճառը, որ նրանք գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների», - ասաց Բաղդասարյանը։
Ճշտող հարցին՝ այսինքն վստա՞հ է, որ արտահերթ ընտրություններ չեն լինի, Բաղդասարյանն ասաց. «Առայժմ պատրասվում ենք 2022 թվականի ԱԺ ընտրություններին»։
Խոսելով այն մասին, որ այս պահին խորհրդարանում մեծամասնությունը ՀՀԿ-ն է, իսկ կառավարությունում՝ ոչ, Բաղդասարյանն ասաց, որ այդ մասին ապրիլին պետք է մտածեին ու սպասեին 2022 թվականին և իշխանության գային ընտրությաններից հետո, այդ դեպքում մեծամասնություն կստանային։
«Հիմա ի՞նչ եք կարծում պիտի ասենք՝ ի վճակի չեն աշխատելու և նոր ընտրությունների պիտի գնանք։ ԱԺ-ն կարողանում է իր բնականոն աշխատանքները կատարել՝ առանց խոչընդոտելու կառավարության աշխատանքը», - նշեց նա։
Բաղդասարյանը նաև ընդգծեց, որ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ ամբիոնից խոստումնալից էր ու պարզ, որ նրա ծրագիրը իրենց ծրագրից շեղում չունի։