07/06/2018 16:29
Դուք ինձ մի ասեք` ինչ անեմ. բանավեճ՝ Արփինե Հովհաննիսյանի ու Միքայել Մելքումյանի միջև
Ազգային ժողվում շարունակվում է հրավիրված արտահերթ նիստը կառավարության ծրագիրը քննարկելու վերաբերյալ։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանն անդրադարձավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի խոսքերին, ով ասել էր, թե «ավելի լավ է լինել հալածվող ընդդիմություն, քան կառավարության մեջ տնփեսայի կարգավիճակով հանգրվանած քաղաքական ուժ»։
«Պարոն Աշոտյանին ես խնդրում եմ գնա ու էներգետիկ շարժման ժամանակ Բաղրամյան փողոցում տեսնի, թե հազարավոր մարդիկ ինչ էին խոսում, հիշեք էներգետիկ շարժումը, թե Աշոտյանն ո՞վ էր հեղափոխությունից առաջ»,- ասաց նա։
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հորդորեց գործընկերոջը պահպանել կարգը։
«Պարոն Մելքումյան, դուք կարգը պահողներից մեկն եք, գիտե՞ք, հետևաբար, ամբիոնից իջնելուց հետո ամբիոնին կրկին մոտենալու իրավունք չունեք»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։
Միքայել Մելքումյանն էլ արձագանքեց, որ թողնեն իր իրավունքներն ինքն անձամբ հստակեցնի։
«Տեղից պետք չէ ելույթներ ունենալ, ես իմ իրավունքները լավ գիտեմ, շարունակեք վարել»,- ասաց նա։
«Դուք ինձ մի ասեք` ինչ անեմ, կանոնակարգ-օրենքով առաջնորդվեք»,- արձագանքեց Արփինե Հովհաննիսյանը։
ՀՀԿ-ական փոխնախագահը հորդորեց ԱԺ կանոնակարգ-օրենքով առաջնորդվել, ոչ թե Միքայել Մելքումյանի ցուցումներով։
«Դուք քոմենթներ մի արեք, շարունակեք կոռեկտ վարել, այսքանը առայժմ»,- ամփոփեց Միքայել Մելքումյանը։