13/06/2018 17:22
Եթե հնարավոր է, բացի չոր, դիպլոմատիկ լեզվից, մի քիչ շատ տեղեկություն հաղորդեք հասարակությանը. Աշոտյանի հորդորը ԱԳ նախարարին
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Արմեն Աշոտյանը հարց ուղղեց ԱԳ նախարարին՝ կապված Մինսկի խմբի համանախագահների այցի ժամանակ քննարկված խնդիրների հետ։
«Համանախագահները հանդիպել են ԱԳ նախարարի և վարչապետի հետ, և այդ հանդիպումները շատ չեն տարբերվում տարիներ շարունակ լույսընծայվող հաղորդագրություններով: Կխնդրեի մանրամասներ հայտնել՝ արդյոք հայկական կողմը նոր բանակցային մոտեցումների մասին բարձրաձայնել է, մասնավորապես ԼՂ-ն բանակցային կողմ դիտարկելու նոր ռազմավարության մասին և ադրբեջանական զինուժի կուտակումների մասին: Ինչպի՞ն է եղել համանախագահերի արձագանքը», - հարցրեց Աշոտյանը:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ հանդիպմանն իրենք հստակ արտահայտել են, թե որոնք են բանակցային գործընթացի մասով ՀՀ գերակայությունները:
«Այս փուլում գտնվում ենք բանակցությունների մեջ ներգրավվելու գործընթացներում: Համանախագահների այցի բնույթը ճանաչողական է: Միմյանց ճանաչում ենք, փոխանակում ենք մեր դիրքորոշումները, նաև բավականին հստակ արտահայտում ենք այն հիմնական դրույթները, որ մենք հավատարիմ ենք բացառապես խաղաղ ճանապարհով ՄԽ շրջանակներում հիմնախնդրի կարգավորմանը», - ասաց նախարարը:
Ի պատասխան՝ Աշոտյանը հորդորեց պաշտոնական հաղորդագրություններում որոշակի ինֆորմացիա հաղորդել հանդիպումների մասին և դրանք բացառապես պաշտոնական արտահայտություններով չծանրաբեռնել:
«Պաշտոնական հաղորդագրություններ մեջ այս հարցերի պատասխանները չկային: Եթե հնարավոր է, բացի չոր, դիպլոմատիկ լեզվից, հետայսու մի քիչ ավելի շատ տեղեկություն հաղորդեք հասարակությանը, իհարկե, այն շրջանակում, որը թույլատրելի է բանակցային գործընթացում»,- ասաց Աշոտյանը: