13/06/2018 17:39
Վարչապետի «ուրվականի» հետ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փորձեց «խոսել» Արմեն Աշոտյանը
Հարցս կցանկանայի սկսել «հարգելի պարոն վարչապետ» բառակապակցությունով, եթե սահամանադրական պարտավորությունների կատարման շրջանակում վարչապետը այս դահլիճում լիներ, խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
«Հասկանալով հանդիպման կարևորությունը՝ ուզում եմ դիմել կառավարության և վարչապետի աշխատակազմերին՝ հետայսու Նիկոլ Փաշինյանի աշխատանքային ծրագիրը պլանավորել՝ գերակայություն դիտարկելով սահմանադրական պարտականությունների կատարումը», - ասաց Ա.Աշոտյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չի գտնվելու Ազգային ժողովում, քանի որ աշխատանքային այցով Մոսկվայում է։
2017-ի հոկտեմբերին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկա չէր վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա՝ որպես նախագահող, մասնակցում էր ԵԱՏՄ խորհրդի նիստին:
Այդ հանգամանքը դուր չէր եկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, քանի որ, ըստ Սահմանադրության, վարչապետը պարտավոր է ներկա գտնվել ԱԺ հետ հարցուպատասխանին: Նա նշել էր, որ, եթե որևէ մեկը վարչապետ է, ապա այդ օրը ու այդ ժամին երկրագնդի վրա որևէ այլ վայրում գտնվել չի կարող։ Այնուհետև նա հարց էր ուղղել վարչապետին, ինչից հետո ստացել էր նաև վարչապետի «պատասխանին» արձագանքելու հնարավորություն։