15/06/2018 13:14
Կանադացիները բոյկոտում են ամերիկյան ապրանքները երկու երկրների ղեկավարների «խոսքակռվի» պատճառով
Կանադայի բնակիչները բոյկոտ են հայտարարել երկրում ԱՄՆ-ից ներկրված ապրանքներին, ինչը դարձել է երկու երկրների ղեկավարների միջև բորբոքված «խոսքակռվի» հետևանքը, հայտնել է CTV հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ կանադացիներն սկսել են հրաժարվել Ֆլորիդայից նարնջի, Քենտուկիից բուրբոնի և կալիֆոռնիական գինու գնումներից, իսկ սոցիալական ցանցերի կանադացի ակտիվ օգտատերերից ոմանք ձեռնամուխ են եղել #BoycottUSProducts, #BuyCanadian և #BoycottUSA (ԱՄՆ-ի ապրանքների բոյկոտ, գնիր կանադականը, բոյկոտ ԱՄՆ-ին) հեշթեգների տարածմանը:
Այս «հայրենասիրական շարժումը», նշում է CTV-ն, դարձել Է կանադացիների հակազդման դրսևորումն այն բանավոր կշտամբանքներին, որոնք փոխանակեցին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն վերջերս կայացած G7-ի գագաթաժողովի ավարտից հետո:
Մայիսի վերջին ԱՄՆ-ի առևտրի նախարար Ուիլբուր Ռոսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը հունիսի 1-ից մաքսատուրքեր է սահմանում Եվրամիությունից, Կանադայից և Մեքսիկայից պողպատի և ալյումինի արտադրանքի ներմուծման համար: Կանադան և Եվրամիությունը հայտարարել են, որ պատասխան միջոցներ կսահմանեն: