15/06/2018 12:54
Պակիստանյան թալիբների պարագլուխն ավիահարվածով ոչնչացվել է Աֆղանստանում
Պակիստանի «Թեհրիք ի թալիբան Պակիստան» («Պակիստանի թալիբների շարժում», Ռուսաստանում արգելված) արմատական խմբավորման պարագլուխ Մոլլա Ֆազլուլան ոչնչացվել է Աֆղանստանի արևելքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անօդաչուի հարվածով, հայտնել է Tolo News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ հարվածը հասցվել է չորեքշաբթի Պակիստանի հետ սահմանակից Կունարի նահանգում: Նշվում է, որ սպանվել են շարժման ևս չորս դաշտային հրամանատարներ:
Մարտի 9-ին Պետդեպարտամենտը 5 մլն դոլարի չափով պարգևատրում էր խոստացել այն տեղեկատվության համար, որը կօգնի ձերբակալել «Թեհրիք ի թալիբան Պակիստան»-ի պարագլխին:
Պետդեպարտամենտն այդ խմբավորումը արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների իր ցուցակում է ներառել 2010 թվականի սեպտեմբերի 1-ին: ՄԱԿ-ը խմբավորման նկատմամբ համանման միջոցներ է ձեռնարկել 2011 թվականի հուլիսի 29-ին: «Թեհրիք ի թալիբան Պակիստան»-ը Ֆազուլայի ղեկավարությամբ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին Փեշավարում հարձակում Է կատարել դպրոցի վրա:
Այն ժամանակ զոհվեց առնվազն 148 մարդ, հիմնականում՝ երեխաներ: Բացի այդ, խմբավորումը Ֆազուլայի առաջնորդությամբ կազմակերպել է պակիստանցի գեներալ Սանաուլլա Նիյազիի սպանությունը, պատանի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի դեմ կատարված մահափորձը և մի շարք այլ հարձակումներ: