18/06/2018 23:42
Մանվել Գրիգորյանի վագրը տեղափոխվեց կենդանաբանական այգի
Այսօր Երևանի կենդանաբանական այգի տեղափոխվեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի` Ակնալճում գտնվող առանձնատանը պահվող վագրը։ Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից տեղոկանում ենք, որ գիշատչին Երևան տեղափոխելուց առաջ քնեցրել են։
Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում ընդհանուր առմամբ եղել են 5 արջ, 1 վագր, 5 տարբեր տեսակի շներ, 7-8 խառնածին բեզոարյան այծեր, 2 սիրամարգ, 10-ից ավելի ջայլամներ, կաքավներ և մեկ եղնիկ։
Aysor.am-ի հարցին, թե հնարավո՞ր է մյուս կենդանիները ևս տեղափոխվեն կենդանաբանական այգի, այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանն ասաց, որ կենդանիների կեցությունն ու կերակրումը լուրջ ծախս են պահանջում։
Նրա ներկայացմամբ, այս պահին այգում կան 135–ից ավելի տեսակի մոտ 750 գլուխ կենդանիներ–թռչուններ։
«Այդ կենդանիների ամենանգամյա ստուգումն արդեն իսկ լուրջ խնդիր է ու ժամանակատար` եղած ռեսուրսներով։ Բայց, ամեն դեպքում, մտադիր ենք այդ կենդանիներին ևս փրկել այնտեղից», - ասաց Աբրահամյանը։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ այս կենդանիներին խնամելու նախաձեռնությամբ էին հանդես եկել Երևանի կենդանաբանական այգին և «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը»։
Լուսանկարն արված է Մանվել Գրիգորյանի առանձնատան տարածքում: