21/06/2018 19:00
Թրամփը կոնֆետներ է գցել Անգելա Մերկելի կողմը՝ G7-ի գագաթաժողովի ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայում կայացած G7-ի գագաթաժողովի ժամանակ կոնֆետներ է գցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կողմը: Այս մասին CBS հեռուստաընկերությանը պատմել է ամերիկացի վերլուծաբան Իեն Բրեմերը, փոխանցում է «Известия»-ն:
Նրա խոսքով՝ գագաթաժողովի ավարտին, երբ Մերկելը և Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն փորձում էին համոզել Թրամփին ստորագրել համաձայնագիրը, Թրամփը ակնհայտ դժգոհ էր դրանից:
«Տրամփը նստել էր ձեռքերը ծալած և դժգոհ էր, որ համախմբվում են իր դեմ», - պատմել է Բրեմերը:
Այդ պահին ԱՄՆ նախագահը վեր կացավ, գրպանից երկու «Սթարբյորթս» կոնֆետ հանեց և, նետելով սեղանին, Մերկելին ասաց հետևյալը. «Ահա, Անգելա: Եվ մի՛ ասա, որ ես քեզ երբեք ոչինչ չեմ տալիս»:
G7-ի գագաթաժողովը տեղի է ունեցել հունիսի 8-9-ին Քվեբեկում: Հանդիպումը կայացել է ԱՄՆ-ի և նրա գործընկերների միջև լուրջ տարաձայնությունների պայմաններում: Բանակցություններից հետո Մերկելը հայտարարել էր, որ հանդիպումը հիասթափեցնող էր, սակայն ձևաչափը հարկավոր է պահպանել: