26/06/2018 15:40
ԱՄՆ-ը սառեցրել է Պաղեստինին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը
ԱՄՆ-ը «Թեյլոր Ֆորսի ակտի» իրականացման շրջանակներում սառեցրել է Պաղեստինին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը, հայտնել է Իսրայելի I24 News հեռուստաալիքն իր կայքում:
«Թեյլոր Ֆորսի ակտը» ենթադրում է Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի ֆինանսական օգնության դադարեցում այնքան ժամանակ, քանի դեռ Պաղեստինի ազգային վարչակազմը չի կատարի հետևյալ չորս պայմանը. ահաբեկիչների ֆինանսավորան դադարեցում, այդ վճարումները կատարել թույլ տվող օրենքի վերացում, «վստահության արժանի քայլերի» ձեռնարկում «պաղեստինյան ահաբեկչության» դադարեցման համար, բռնության այդ ակտերի «հրապարակային դատապարտում» և հետաքննություն:
Պաղեստինի իշխանությունների ներկայացուցիչը հեռուստաալիքին հավաստել է ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը: Մինչև այսօր ԱՄՆ-ն աշխարհի առաջատարն էր Պաղեստինին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալներով: «Թեյլոր Ֆորսի ակտն» ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է 2018 թվականի մարտի 23-ին: Օրինագիծը կոչվել է 2016 թվականին Իսրայելում պաղեստինցի ծայրահեղականի կողմից սպանված ԱՄՆ-ի քաղաքացու անունով: