09/08/2018 18:27
Մեծ Բրիտանիայում հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին. ԱԱԾ տնօրենն ընդունել է դեսպանին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, հայտնում են ԱԱԾ լրատվականից։
ԱԱԾ տնօրենը հույս է հայտնել, որ ճանչողական այցի շրջանակում ավելի կամրապնդվի համակարգի և դեսպանության հետ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների:
Անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանում տիրող իրավիճակին և փոփոխություններին՝ Ա. Վանեցյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ տարվող պայքարը նոր կառավարությունում առաջնային տեղ է զբաղեցնում և տարվող աշխատանքների արդյունքում արդեն իսկ կան ձերբակալություններ:
Դեսպան Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Մեծ Բրիտանիայում հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ են սատարել Հայաստանին՝ ընթացիկ բարեփոխումների անցկացման, ժողովրդավարության և օրենքի գերակայության հաստատման հարցում:
Դեսպանը ողջունել է նաև երկրում կատարվող բարեփոխումները և շեշտել, որ ցանկացած երկրի համար կարևոր է դատական համակարգի արդար մոտեցումը:
Հանդիպման ավարտին երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը երկու երկրների իրավապահ մարմինների միջև՝ ահաբեկչության, անօրինական միգրացիայի, թմրամիջոցների և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում: