16/08/2018 17:53
Ադրբեջանում գերեվարված հայերի նկատմամբ կատարվում են «ծիսական սպանություններ». Վահե Գրիգորյանը մանրամասներ է հայտնում Կարեն Պետրոսյանի սպանության գործից
Փաստաբան Վահե Գրիգորյանը, որը մի շարք գործերով ներկայացուցիչ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, մանրամասներ է ներկայացրեց ադրբեջանական կողմում գերության մեջ հայտնված ու հետո սպանված Կարեն Պետրոսյանի վերաբերյալ գործից։
Նա մասնավորապես արձագանքել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե Կարեն Պետրոսյանի գործով Ադրբեջանը պատասխանատվության չի կանչվել, քանի որ փաստաբանը՝ Գրիգորյանը չի պատասխանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարցմանը։
Իր ֆեյսբուքյան էջում փաստաբանը տեղեկացնում է, որ Կարեն Պետրոսյանի վերաբերյալ գործը այս պահին ՄԻԵԴ-ում ոչ միայն ցուցակներից հեռացված չէ, այլ ավելին՝ այն քննվել է ամենայն մանրամասներով, ՄԻԵԴ-ի կողմից թվարկած բազմաթիվ հարցերի շրջանակներում:
«Այս գործով վեր են հանվել մի քանի հանգամանքներ, որոնք հնարավոր է բեկումնային նշանակություն ունենան Ադրբեջանի տարածքում գերեվարված հայերին կամ հայաստանցիների նկատմամբ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի, իսկ ոմանց մասով՝ նաև սպանությունների հանգամանքների կապակցությամբ խտրական մոտեցման կանխավարկածի ձևավորման համար:
Այս գործով, առհասարակ, առաջին անգամ վեր է հանվել և քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից գերեվարված հայաստանցիների նկատմամբ «ծիսական սպանությունների» իրողությունը: Հուսով եմ՝ ի վերջո միջազգային դատավորներն այս ակնբախ իրողությունը կարձանագրեն իրենց ակտերում, որպես հայատյացության ծայրահեղ դրսևորում:
Սույն գործով քննարկվում է նաև Հեյդար Ալիևի զինակից և մերձավոր բարձրաստիճան զինվորական, գեներալ Ռովշան Աքբարովի մասնակցությունը Կարենի սպանությանը, որի հանգամանքները, ըստ փորձագետների բացահայտած մանրամասների, այնքան սահմռկեցուցիչ են, որ այսքանով կսահմանափակվեմ:
Իսկ գործն այս փուլում սպասում է վճռին, քանի որ երկու հակառակորդ կողմերը և Հայաստանի կառավարությունը մեկ ամիս առաջվա դրությամբ արդեն ավարտել էին դիրքորոշումների փոխանակումը», - գրել է փաստաբան Վահե Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանը, որը քաղաքացիական անձ էր, գերի էր ընկել ադրբեջանական կողմում 2014-ին և դաժանորեն սպանվել էր։ Ադրբեջանցիները Կարեն Պետրոսյանին ներկայացրել էին որպես դիվերսանտ։ Հայկական կողմը ադրբեջաբնական կողմի կատարած հանցագործությունների դեմ հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։